BBС բրիտանական հեռուստաալիքը բացահայտել է Ռուսաստանի նախագահի գլխավոր թուլությունը, հաղորդում է Der Standard-ը: Պարզվում է, որ Վլադիմիր Պուտինի «վատագույն մղձավանջը»՝ ամենևին էլ տնտեսական պատժամիջոցներն ու ռազմական մանևրները չեն: Ինչպես հայտնում է BBC-ն, ռուս առաջնորդի հիմնական թուլությունը՝ քաղաքականության մեջ ուժեղ ու ինքնավստահ կանայք են:
«Ինչպե՞ս ճնշում գործադրել Պուտինի վրա,- հարցնում է Der Standard-ը:- Տնտեսական պատժամիջոցներո՞վ: Դե, ոչ: Ռազմական մանևրներո՞վ: Գուցե, անհրաժեշտ է մերկ ձեռքերով խեղդել արջի՞ն: Դա ավելի լավ տարբերակ է»:
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն գտել է միջոցը. Ռուսաստանի նախագահն անհանգիստ է զգում իրեն ինքնավստահ կնոջ ներկայությամբ, ում չի տպավորում Պուտինի «մաչոիզմը»: Այս բացահայտման մասին BBC հեռուստաալիքը պատմել է «Նրա պատմությունը. կանանց հեղափոխություն» նոր վավերագրական ֆիլմի առաջին մասում:
«Պուտինը վախենում է կանանցից,- մեջբերում են ֆիլմում Կրեմլի առաջնորդի հակառակորդներից մեկին՝ Միխայիլ Խոդորկովսկուն:- Եթե Հիլարի Քլինթոնը նախագահ ընտրվի, Պուտինի համար դա վատագույն մղձավանջը կլինի»: Իսկ նման սցենարը միանգամայն հավանական է, նշում է պարբերականը: Նոյեմբերին, Քլինթոնը կարող է դառնալ աշխարհի առավել հզոր կինը:
Սակայն, ֆիլմում խոսքը ոչ միայն բարձրաստիճան քաղաքական պաշտոններ զբաղեցնող կանանց մասին է լինելու, այլ նաև թույլ սեռի այն ներկայացուցիչների մասին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: