Ղարաբաղյան շարժման 25-ամյակի առիթով այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հիշեց, թե 25 տարի առաջ Հայաստանում դժվար էր գտնել մի մարդու, որը զբաղվեր միայն իր գործով:

«Գրեթե չկար մարդ, որ զբաղվեր միայն իր գործով: Բոլորը իրենց պատասխանատու էին զգում ամբողջի համար: Սա շատ կարևորգույն նվաճումն էր այդ օրերի»,-ասաց նա:

Աշոտ Մանուչարյանը պատմեց շարժման շարքային համարվող մի քաղաքացու՝ Գուրգեն Բոյաջյանի մասին, ով մահացել է երկու տարի առաջ: Վերջինիս բնորոշելով որպես ժողովրդի հավաքական կերպար, նշեց, որ մինչև մահ նա մասնակիցը եղավ շարժման և թաղմանն անգամ բազմաթիվ արցախցիներ կային:

«Նրան գիտեին բոլորը: Եվ ահա մի օր նա հանդիպում է շարժման ղեկավարներից մեկին: Վերջինս տեսնելով Գուրգենին հարցնում է, թե ինչպես է, իսկ նա պատասխանում է, որ՝ «Երբ որ դուք բանտում էիք, ես վաճառեցի իմ մեքենան, որպեսզի ձեզ հաց կարողանամ ուղարկել, բայց ցավում եմ, որ դուք չմեռաք բանտում, որովհետև այդ ժամանակ մեր ազգը կունենար հերոս և ոչ թե դավաճան»»,-ասաց Աշոտ Մանուչարյանը, բայց չցանկացավ ասել, թե ում մասին է խոսքը:

Այնուհետև Աշոտ Մանուչարյանը անդրադարձավ հետպատերազմյան զարգացումներին և նշեց, որ պատերազմից հետո ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կոչված էր տարածաշրջանում խաղաղություն հաստատել:

«Մինչև այժմ էլ այն պիտի բերի այդ խաղաղությունը, բայց Մինսկի խմբի հարցը բոլորովին այլ է»,- ասաց նա:

Ըստ Աշոտ Մանուչարյանի թշնամանք երկու ժողովուրդների միջև սերմանել են նաև դրսի ուժերը, քանի որ այն շատ կարևոր գործիք է որոշակի նպատակների հասնելու համար. «Պետք է մաքսիմալ թշնամանք լինի, որ կարողանան Ադրբեջանի ընդերքը տանեն իրենց»։