Նորայր Բադասյանը ներդրումների ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությանը նվիրված հետազոտություն է իրականացնում Գերմանիայի Բաուհաուս համալսարանում (DAAD ակադեմիական կրթաթոշակի շրջանակներում): Նա նաև ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի «AEC Global Teamwork Project» ծրագրի շրջանավարտ է և այժմ շարունակում է դասավանդել տվյալ ծրագրի շրջանակներում: Այս առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Նորայրի հետ։
- Նորայր, ինչի՞ն է նվիրված Ձեր հետազոտությունը:
- Այսօր աշխարհում արագ տարածվում է ենթակառուցվածքների ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության տարբեր մոդելների կիրառումը: Այս մոդելները հիմնականում ուղղված են մասնավոր ընկերությունների կողմից պետական ենթակառուցվածքներում ներդրումներ ներգրավելուն: Այս համագործակցության հիմնական նպատակը մասնավոր ընկերությունների կողմից պետական ոլորտում նորարարական մոտեցումների իրագործումն է և լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը:
Հետազոտության հիմնական նպատակն է՝ գտնել պետություն-մասնավոր համագործակցության հնարավոր ամենաօպտիմալ մոդելները, որոնց կիրառումը գործնականում հասարակությանը կտրամադրի անհրաժեշտ համապատասխան ենթակառուցվածքներ, ինչպես նաև կապահովի համապատասխան տնտեսական և ֆինանսական արդյունքներ:
- Ձեր հետազոտության արդյունքները ինչպե՞ս կկիրառվեն ՀՀ-ում:
- Հետազոտության շրջանակներում ստեղծվել է համապատասխան գործիք, որը գոյություն ունեցող հնարավոր բոլոր տարբերակներից հաշվարկում է տվյալ ծրագրի համար ամենաօպտիմալ տարբերակը:
Նման ծրագրերում պետությունը և մասնավոր հատվածը տարբեր նպատակներ են հետապնդում. պետության հիմնական նպատակը նոր ենթակառուցվածքներից առավելագույն սոցիալական օգուտ (ավելի բարձր որակի ճանապարհներ, ճանապարհորդության ավելի կարճ ժամանակ, պատահարների, տրանսպորտից առաջացող աղմուկի, շրջակա միջավայրի աղտոտման մակարդակի նվազում և այլն) ստանալն է, մինչդեռ մասնավոր ընկերությունների նպատակը ֆինանսական եկամուտ ստանալն է: Ստեղծված գործիքը համապատասխան տվյալների հիման վրա հաշվարկում է տնտեսական/սոցիալական և ֆինանսական եկամտաբերության մակարդակը՝ ըստ տնտեսական և ֆինանսական եկամտաբերության ներքին նորմայի ցուցիչի:
Տվյալ գործիքը ստեղծվել է ՀՀ համար՝ միջազգային պրակտիկայում գոյություն ունեցող լավագույն պայմանագրային, բիզնես և ֆինանսական մոդելների հիման վրա: Տվյալ գործիքի կիրառումը հնարավորություն կտա պետությանը տվյալ ծրագրերի՝ արդեն իսկ նախագծման փուլում գտնել այն մոդելները, որոնք առավելագույնս կապահովեն ծրագրերից ակնկալվող հասարակական օգուտները և միևնույն ժամանակ կստեղծեն համապատասխան գրավիչ ներդրումային միջավայր մասնավոր ընկերությունների համար: Այսինքն՝ պետությունը կստանա տնտեսական օգուտներ, իսկ մասնավոր ընկերությունները երաշխավորված կլինեն համապատասխան ֆինանսական եկամուտներով և շահագրգռված կլինեն ներդրումներ իրականացնել ՀՀ ենթակառուցվածքների ոլորտում:
- Կարո՞ղ եք նման օրինակ բերել ՀՀ ենթակառուցվածքների ոլորտում:
- Շատ լավ օրինակ կարող է լինել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը: Այժմ ծրագիրն իրականացվում է Ասիական Զարգացման Բանկի և ՀՀ կառավարության միջոցներով: Այնուամենայնիվ, Ասիական Զարգացման Բանկը կատարել է համապատասխան վերլուծություններ կառուցվող տրանշներից որևէ մեկի համար մասնավոր կազմակերպությունների մասնակցության հնարավոր տարբերակների վերաբերյալ: Ասիական Զարգացման Բանկը տնտեսական ներքին նորմայի ցուցիչի հաշվարկման համար (այսինքն՝ թե որքան դրական արդյունք կունենա պետությունը տվյալ ճանապարհահատվածի շինարարությունից) վերլուծել է այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են երթևեկության հնարավոր ավելացված ծավալը, փոխադրամիջոցների ծախսերի նվազեցումը, պատահարների նվազեցումը և այլն: Համաձայն տարբեր նախագծային տարբերակների՝ Ասիական Զարգացման Բանկը նշված ցուցանիշների հիման վրա ստացել է տարբեր տնտեսական օգուտների մակարդակ (այսինքն՝ կախված ճանապարհի նախագծային տարբերակից երթևեկության տևողությունը կամ երթևեկության մակարդակը տարբեր են, որը նաև տարբեր ազդեցություն է ունենում տնտեսական ներքին նորմային ցուցիչի վրա):
Միևնույն ժամանակ, Ասիական Զարգացման Բանկն ուսումնասիրել է մասնավոր ընկերությունների մասնակցության դեպքում հնարավոր ֆինանսական եկամուտները՝ համաձայն տարբեր բիզնես մոդելների: Որպես այդպիսի բիզնես մոդելների աղբյուր, որոնք հիմնականում ապահովում են ծրագրի եկամուտները՝ Ասիական Զարգացման Բանկը վերլուծել է պետական միջոցներից վճարումը մասնավորին (այսինքն՝ տվյալ ճանապարհի կառուցման, պահպանման և շահագործման համար պետությունը որոշակի գումար է վճարում տվյալ մասնավոր ընկերությանը), սպառողների միջոցներից վճարումը (այս պարագայում տվյալ ճանապարհից օգտվողները պետք է համապատասխան գումարներ վճարեն), սուբսիդավորման տարբեր մեխանիզմներ և այլն:
Այնուամենայնիվ, Ասիական Զարգացման Բանկի ուսումնասիրություններում բացակայում է հնարավոր կիրառվող բիզնես մոդելների ազդեցությունն ուսումնասիրված տնտեսական օգուտների վրա (օրինակ՝ երթևեկության ծավալ): Ակնհայտ է, որ տվյալ ճանապարհից օգտվողները ավելի շատ կլինեն, երբ պետությունը վճարի դրա համար և հակառակը, երթևեկության ծավալը կնվազի, եթե կիրառվի սպառողների կողմից վճարման տարբերակը:
Ստեղծված գործիքը բոլոր հնարավոր տարբերակների հիման վրա (այդ թվում՝ նաև աշխարհում կիրառվող) կարող է հաշվարկել ամենաբարձր տնտեսական արդյունքը ոչ միայն ճանապարհի նախագծի տարբերակների հիման վրա, այլ նաև հնարավոր օգտագործվող բիզնես տարբերակների: Այսինքն՝ նախագծային արդյունքների տվյալները մուտքագրելով ստեղծված գործիք՝ հնարավոր է ստանալ այն բիզնես մոդելը, որը ձեռնտու կլինի թե՛ պետությանը, թե՛ մասնավորին: Սա հնարավորություն կտա ՀՀ-ում ընտրել լավագույն տնտեսական և ֆինանսական արդյունք ապահովող՝ պետություն-մասնավոր գործընկերության մոդելներ:
- Ո՞ր փուլում է գտնվում հետազոտությունը:
- Հետազոտության արդյունքներն արդեն իսկ ներկայացվել են Գերմանիայում և ԱՄՆ-ում: Այժմ որոշակի ընթացակարգերից հետո ներկայացվելու են Բաուհաուսի համալսարանում՝ տնտեսագիտության ոլորտում փիլիսոփայության դոկտորի կոչում ստանալու համար:
- Ի՞նչ արձագանքներ եք ստացել Ձեր հետազոտության արդյունքների վերաբերյալ:
- Արձագանքները եղել են դրական, և հետազոտության արդյունքների հիման վրա նոր դասընթաց է մշակվել Բաուհաուս համալսարանում, որի շրջանակներում էլ դասավանդում եմ: Դասընթացի հիմնական նպատակն է՝ ուսանողների մոտ ձևավորել համապատասխան գիտելիքներ պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելների վերաբերյալ և զարգացնել գործնական հմտություններ տվյալ գործիքի հիման վրա տարբեր ծրագրերի օրինակով համապատասխան հետազոտություններ իրականացնելու համար:
- Դուք նաև ընդգրկված եք Սթենֆորդի համալսարանի ուսումնական ծրագրերում: Ի՞նչ գործառույթներ ունեք այդ ծրագրի շրջանակներում:
- Սթենֆորդում սովորելու ընթացքում մի շարք այլ ուսանողների հետ ստեղծել էինք համապատասխան գործիք, որը որոշում էր պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավոր արդյունքներն անշարժ գույքի ոլորտում: Ծրագրի ավարտից հետո առաջարկ ստացա՝ որպես մենթոր շարունակել աշխատել նոր ուսանողների հետ: Անցած տարի ուսանողները, որոնք կիրառել էին տվյալ գործիքը Սթենֆորդում, համապատասխան մրցանակ ստացան ԱՄՆ շինարարական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից՝ լավագույն աշխատանքի համար:
Պատրաստեց՝ Քրիստինա Աղալարյանը