ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ։
- Պարո՛ն Սիմոնյան, ՔՊ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու հայտարարության վերաբերյալ։ Ի՞նչ կփոխի Վ. Օսկանյանի կուսակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում։
- Մենք մեր կուսակցությունում նման հարց չենք քննարկել։ Ես կարող եմ իմ կարծիքն ասել: Պետք է նախ հասկանալ՝ այդ կուսակցությունը ո՞ւմ է ներկայացնելու։ Խոսակցություններ կան, որ այդ կուսակցությունը շատ սերտ կապեր է ունենալու Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես էլ նման կարծիք ունեմ։ Պետք է հասկանալ՝ այդյոք դա լինելու է հերթական կուսակցությունը, որը ներկայացնելու է Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ սա լինելու է անկախ։ Ճիշտն ասած՝ կասկածում եմ այդ հարցի հետ կապված։ Պարոն Օսկանյանը փորձառու քաղաքական գործիչ է, շատերից շատ ավելի փորձառու է, բայց կան հարցեր, որոնք Մարտի մեկից հետո մնացել են։ Այդ հարցերը երբևիցե չեն փակվելու։ Մարտի 1-ի հետ կապված հարցը, պարոն Օսկանյանի առնչությունը, իշխանությունների պատասխանատվության հարցը, երբևէ չի փակվելու։ Կուզեի այս նոր ստեղծվելիք կուսակցության կարծիքը լսել Մարտի 1-ի իրադարձությունների, իշխանությունների գործողությունների և զոհերի հետ կապված։ Ինձ համար՝ որպես երևանցի, հայաստանցի, մարդ, ով անմիջական մասնակցություն է ունեցել իրադարձություններին, երբ Երևանի փողոցներում մարդկանց էին գնդակահարում, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գնահատական կհնչի։ Ես ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ այն դիրքորոշումը, որը նա բարձրաձայնեց Մարտի 1-ից հետո, բայց ես կուզեի հիմա լսել գնահատական։
- Երեկ խորհրդարանում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ տվյալ օրվա իշխանությունը պատասխանատու է Մարտի 1-ի համար։ Ինքն էլ տվյալ օրվա իշխանության մասն է եղել։ Ինչպե՞ս կարող է վստահություն ներշնչել և ընդդիմադիր դիրքերից հանդես գալ։
- Այդ գնահատականը ժողովուրդը կտա։ Այդ գնահատականը նաև կտա կուսակցության հետագա գործունեությունը։ Պետք է նախ հասկանալ՝ ի՞նչ է նշանակում տվյալ օրվա իշխանություններն են պատասխանատու կամ մեղավոր։ Արդյոք ինքը հետամո՞ւտ է լինելու բացահայտմանը, արդյոք դատապարտո՞ւմ է։ Այստեղ պարզաբանման և հստակեցման կարիք կա։ Ընդհանուր գնահատականներով և բառակապակցություններով չի կարելի սահմանափակվել։ Իհարկե, իշխանություններն են մեղավոր, հո ժողովուրդը չի մեղավոր, որ իր վրա կրակել են: Ամեն ինչ կախված է այն բանից, թե նա ինչ քայլերի կդիմի, վեր կկենա, ասի՝ այո, իշխանություններ են մեղավոր, անուններ հնչեցնի, դատապարտի, մասնակցի Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ կապված որևէ գործընթացի, իր քվեարկություններով, դիրքորոշումով և այլն։ Ես իմ անձնական գնահատականն ունեմ, ես չեմ կարող ինձ վրա դատավորի պարտականություններ վերցնել։ Միգուցե մարդն այնպիսի բաներ է առաջ քաշում, որ բոլորս զարմանում ենք և ասում՝ լավ, Մարտի 1-ից հետո ելույթ է ունեցել, սխալվել է, հիմա այլ դիրքորոշում ունի։ Ամեն ինչ կախված է նրա դիրքորոշումից։
- Դուք նշեցիք՝ չեք բացառում, որ ստեղծվելիք կուսակցությունը սերտ կապեր է ունենալու Քոչարյանի հետ։ Կարծում եք՝ սա Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելուն միտված քա՞յլ է։
- Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում, թե Քոչարյանն ինչպես է վերադառնալու քաղաքականություն, ես այդ քաղաքական ճանապարհը չեմ տեսնում։ Դա հնարավոր կլինի միայն իշխանությունների կողմից համաձայնության դեպքում։
Գիտեք՝ Քոչարյանը շատ հետաքրքիր անձնավորություն է։ Եթե իրեն հասարակ պաշտոն տրվի, ինքը շատ արագ կարիերան կբերի կհասցնի ամենաբարձր պաշտոնին։ Բայց քանի դեռ այդ կարգավիճակը չկա, փոքր տրամպլինը տրված չէ, քիչ հավանական եմ համարում։ Գումարով կամ Վարդան Օսկանյանի կուսակցությունով, չեմ կարծում, թե դա հնարավոր է։ Միգուցե ես սխալվում եմ։ Վարդան Օսկանյանի համար պետք է լինի շատ կարևոր՝ ցույց տալ, որ ինքն անկախ է:
Քրիստինա Աղալարյան