Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Վարդան Այվազյանին։
«Փառք Աստծո, ընդունում ենք մենաշնորհ հասկացությունը, ի՞նչ իրավունք ունի Հանրապետությունը երեք ամիս ապրել արտասահմանադրական միջավայրում։ Երեկ, երբ մենք քննարկում էինք Ընտրական օրենսգիրքը, մեզ ասում էին՝ ցուցակը ո՞նց տպենք ընտրություններից հետո, վա՜յ, գաղտնիություն կխախտվի, վա՜յ, բա մենք օրենք ո՞նց խախտենք։ Բա երեք ամիս ա՝ ո՞նց եք խախտում։ Բա ինչի՞ չեք ասում՝ Շաբոյան, էս ի՞նչ ծրագիր ես բերել։ Սա մեկ։ Երկրորդը, չի կարելի թքել Սահամանդրության վրա, չիշիկ անել Սահմանադրության վրա»,- ասաց Բագրատյանը։
Բագրատյանի այս ձևակերպումը դուր չեկավ նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին և ընդդիմադիր պատգամավորին դիտողություն արեց՝ հորդորելով կոռեկտ արտահայտվել.
«Պարո՛ն Բագրատյան, ես բարձր եմ գնահատում Ձեր վաստակը, Ձեր խոսքի ազատությունը, իրավունքը, բայց խնդրում եմ Ձեզ՝ քննադատեք ինչքան ուզում եք, բայց կոռեկտ արտահայտվեք։ Սա Ազգային ժողով է, մեզ նայում է մեր ժողովուրդը։ Ձեր դուրը չի գալիս Սահմանադրությունը, մեր գործունեությունը, այլ խնդիր է, այլ բառերով ձևակերպեք։ Ես էլ ինձ լավ չեմ զգում, որ Ձեզ նման մարդուն հիմա պիտի դիտողություն անեմ»,- ասաց Շարմազանովը։