Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելն այսօր ցնցվեց մի քանի պայթյունից, որոնց զոհ գնաց մոտ 50 մարդ։ Պայթյուններից հետո Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Գայե Ուսլուն պատասխանատվությունը դրել է Էրդողանի վրա: Թվիթերյան իր միկրոբլոգում նա հիշեցրել է Էրդողանի՝ 2 օր առաջ Եվրոպային ուղղված՝ «ահաբեկչությունը ձեզ էլ կհասնի» խոսքերը և դա որակել որպես սպառնալիք՝ կապ տեսնելով այդ խոսքերի և տեղի ունեցած ահաբեկչության միջև:ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ միանշանակ չի կարելի դա պնդել։

 

Թուրքագետի խոսքով՝ Եվրոպայի համար չափազանց բարդ է այս առումով, քանի որ միշտ նման դեպքերի վտանգը կա։ «Հատկապես վերջին տարիներին դեպի Եվրոպա փախստականների հոսքի հետ կապված՝ մեծանում են նաև ահաբեկչության ռիսկերը Եվրոպայում։ Ֆրանսիայի ահաբեկչության օրինակով ևս ակնհայտ երևում է, որ եվրոպական անվտանգության մարմինները չեն կարողանում լիարժեքորեն վերահսկել և ահաբեկչությունները կանխելու ուղղությամբ գործողություններ իրականացնել։ Դա ևս մեկ խնդիր է Եվրոպայի համար»,- նշեց Լևոն Հովսեփյանը։

 

Ըստ նրա՝ ահաբեկչության ռիսկերն առաջիկայում էլ կլինեն։ «Ես չեմ կարծում, որ Եվրոպան ի սկզբանե կարող էր խուսափել նման վտանգներից։ Չեմ պատկերացնում նաև այն մեխանիզմները, որոնք թույլ կտան Եվրոպային խուսափելու դրանից»,- հավելեց թուրքագետը։
Հավելենք, որ եվրոպական մամուլն արդեն իսկ գրում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Բրյուսելում ահաբեկչությունների պատասխանատվությունը: