Այն, որ 2016 տնտեսական տարին հեշտերից չէր լինելու մեր երկրի համար, հայտնի էր դեռևս նախորդ տարվանից. մի շարք անկախ վերլուծաբանների կողմից պատրաստած զեկույցներն ու վերլուծությունները փաստում էին, որ բոլոր այն խնդիրները, որոնք միգուցե 2015-ին գտնվում էին դեռևս սաղմնային փուլում ու իրենց այնքան էլ զգալ չէին տվել, 2016-ին ապրելու էին յուրօրինակ արբունքի շրջան, որը ոչ մի լավ բան չէր խոստանում Հայաստանին: Ինչպես ցույց է տալիս կյանքը, ցավոք, այդ վերլուծաբանները բնավ չէին սխալվում:

 

 

Մասնավորապես՝ պարզվում է՝ օրերս «Մուդիս» վարկանիշային հեղինակավոր գործակալությունը Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից իջեցրել է B1-ի:Որպես ՀՀ հիմնական ռիսկեր՝ «Մուդիսը» մատնանշել է մեր երկրի ունեցած արտաքին կախվածության ավելացումը, Հայաստան մտնող տրանսֆերտների նվազումը, արտաքին ներդրումների համար այստեղ անկայուն հեռանկարի առկայությունը, բյուջետային ցուցանիշների վատթարացումը, պետական պարտքի ավելացումը:



Համաձայնե՛ք՝«փառահեղ» պատկեր է… Ի հակադրություն Հայաստանի՝ նույն կազմակերպությունը, օրինակ, հարևան Վրաստանի դեպքում որոշել է թողնել այս երկրի ունեցած նախորդ ցուցանիշներն անփոփոխ՝ համարելով վրացիներին սպառնացող ռիսկերը շատ ավելի թույլ, քան մեր պարագայում է. հաշվի է առնվել, մասնավորապես, այս երկրի՝ Եվրամիության հետ ունեցած առավել սերտ տնտեսական առնչությունները, որն էլ, խոշոր հաշվով, որոշիչ դեր է խաղացել համապատասխան գնահատականներ հնչեցնելիս:

 

 

Այս ամենի մասին տեղեկանալով՝ մեզ մոտ ակամա մի հարց առաջացավ. հետաքրքիր է՝ մի՞թե «Մուդիսի» հեղինակավոր մասնագետները, իրենց կողմից վերջնական կարծիք հնչեցնելուց առաջ, չեն բարեհաճել ու գոնե «թեթևի մեջ» աչքի տակով չեն անցկացրել մեր ԱՎԾ-ի կողմից վերջերս հրապարակած ցուցանիշները, որոնցից պարզ է դառնում, որ անգամ Շվեյցարիան Հայաստանին նախանձելու տեղ ունի: Պարզվում է՝ մինչ Եվրոպան տակնուվրա է լինում իսլամիստ տեռորիստների հարձակումներից, մենք, չգիտես ինչ հրաշքով, ծաղկում ենք մի այլ կարգի:

 

 

Դե՛ ասեք՝ ուրիշ էլ ո՞ր երկրում կարելի է հանդիպել նման ցուցանիշների՝ է՛լ 4.7% աճ, է՛լ՝ 9.4% բագավաճում. ծաղկում ենք, է՜, ծաղկում: Չգիտես՝ ինչու, սակայն, այդ արբունքը նկատելի է մնում միայն հայրենական ԱՎԾ-ին: Ի դեպ, «Մուդիսն» իջեցրել է նաև հայստանյան խոշոր բանկերից «Արդշինբանկի» և «ՎՏԲ-Հայաստան» բանկի վարկանիշը ևս:



Իսկ ըստ մասնագետների՝ նման տխուր պատկերից միանգամայն հնարավոր կլիներ խուսափել, եթե երկրում վարվեր իրական հակակոռուպցիոն քաղաքականություն, որի շնորհիվ հնարավոր կլիներ երկրի տնտեսությունը, որի ավելի քան 30%-ը գտնվում է ստվերում, դնել զարգացման ճիշտ ուղու վրա՝ թուլացնելով մեր ունեցած կախվածությունը հատկապես ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտներից: Ի դեպ, «կոռուպցիա» ասացինք ու ակամա հիշեցինք Դավիթ Հարությունյանին. տեսնես ինչպե՞ս են ընթանում նրա գործերը՝ կապված հատկապես Հայաստանում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի հետ: Տեսնես արդեն հասցրե՞լ է ծախսել ԱՄՆ կողմից հատկացված գումարները, և եթե այո, ապահատկապես ինչի՞ վրա…



Դավիթ Բաբանով