Գերմանիա
Զատիկը, որը եկեղեցական ամենամեծ տոնն է համարվում Գերմանիայում, տոնվում է այդ երկրում շուրջ 2000 տարի շարունակ։ Գերմանիայում Զատիկի ավանդույթները հարուստ և բազմազան են։ Սովորաբար մինչ Զատիկը գերմանացիները հիմնովին մաքրում և զարդարում են իրենց տները կանաչ ճյուղերով, ուռենու տերևներով։
Գերմանիայում Զատիկն ունի տարբեր իմաստներ. ավելի տարեց մարդիկ այս տոնին տալիս են կրոնական խորը իմաստ, իսկ երիտասարդներն այն համարում են ուրախ ժամանակ անցկացնելու հերթական առիթը:
Փոքրիկների համար Զատիկը գեղեցիկ տոն է, որի գլխավոր հերոսը նապաստակն է: Նա հայտնվում է մինչ Զատիկը, որպեսզի համապատասխան տեղեր փնտրի՝ ձվերը տեղադրելու համար:
Գերմանիայում ընդունված է նաև զարդարել ծառերը ներկված ձվերով։ Տոնի հիմնական մասն ամփոփվում է ճոխ ճաշատեսակներով հարուստ սեղանով և խնջույքով, որը խորհրդանշում է պահքի ավարտը։
Իտալիա
Իտալացի ընտանիքներն ունեն Զատկին նվիրված մի շարք սովորույթներ, որոնք հնարավոր չէ գտնել որևէ այլ երկրում։ Ինչպես շատ երկրներում, այստեղ նույնպես Զատիկի տոնակատարությունները սկսվում են Ավագ ուրբաթով։
Այստեղ Զատիկի սեղանը լի է տարբեր ծովամթերքներով՝ մեծ ու մանր ծովախեցգետիններ, կաղամար և այլն։ Ճաշից հետո մատուցվում է թարմ պատրաստված էսպրեսսո՝ ավանդական «cannoli» քացրավենիքի հետ, իսկ Զատկի կիրակի օրը Հռոմի գլխավոր հրապարակում հազարավոր մարդիկ լսում են Պապի շնորհավորանքն ու մաղթանքը:
Գլխավոր ուտեստն այտեղ համարվում է գառան միսը՝ տապակած կարտոֆիլով, պղպեղով և լոլիկով։ Զատիկի հաջորդ օրը իտալացիները կազմակերպում են խնջույք-հավաքույթներ հարազատների հետ։
Ֆրանսիա
Ֆրանսիացիները Զատկից մի քանի շաբաթ առաջ սկսում են զարդարել խանութները սպիտակ և մոխրագույն շոկոլադե նապաստակներով, հավերով, ձկներով և զանգակներով։ Հետաքրքրական է, որ նապաստակները և հավերը համարվում են Զատիկի «միջազգային» խորհրդանիշներ, իսկ ձուկն ու զանգերը կարելի է հանդիպել միայն Ֆրանսիայում:
Ֆրանսիայում Զատկի ձուկը կոչվում է «Poisson d'Avray» (թարգմանաբար «ապրիլի ձուկ»)։
Շատ խանութներից կարելի է գնել «ձկան շոկոլադներ»։ Ֆրանսիայում «Թռչող Զանգակը» ևս Զատկի կարևոր ավանդույթներից է համարվում։ Ըստ լեգենդի՝ Ֆրանսիայում բոլոր եկեղեցական «թռչող զանգերը» մինչ Զատիկը հրաշքով հասնում են Վատիկան, և վերադառնում ֆրանսիացիների տները տոնի առավոտյան։
Զանգերն իրենց հետ բերում են շոկոլադե ձվեր, որոնց անհամբեր սպասում են երեխաները։
Մեծ Բրիտանիա
Այստեղ Զատիկն ազգային ամենակարևոր ավանդույթներից մեկն է համարվում։ Այն նշվում է առատ սեղաններին գունավոր ձվերով զարդարված հատուկ տարաներով, հրուշակեղենով և տաք թխվածքներով։
Զատիկի նախօրեին բոլոր բրիտանացիները հաց և թխվածքաբլիթներ են թխում՝ ձևավորելով այն խաչերով։ Քեմբրիջի Ազգային թանգարանում նույնիսկ պահվում է հացի մի կտոր, որը թխվել է դեռևս 1919 թվականին։
Հնդկաստան
Չնայած Հնդկաստանում քրիստոնյաները կազմում են ամբողջ բնակչության 3% -ը, սակայն Զատիկը նշվում է մեծ հանդիսավորությամբ և շուքով։ Քրիստոնյաները մեծ հետևողականությամբ են պատրաստվում այս տոնակատարություններին։
Զատիկը նշելու ավանդույթները Հնդկաստանում ունեն հին արմատներ։ Այս տոնը նշելու ավանդույթը եկել է դեռ այն ժամանակներից, երբ Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի գաղութն էր համարվում։
Զատիկի օրը խանութներում վաճառվում են գեղեցիկ գունավոր ձվեր, շոկոլադե նապաստակներ և ձվի տեսք ունեցող բազմագույն մոմեր, որոնք մարդիկ նվիրում են միմյանց։
Պորտուգալիա
Զատիկի սեղանը Պորտուգալիայում սովորաբար զարդարվում է պորտուգալական «ֆոլար» կարկանդակով, որը մատուցվում է հիմնականում նախաճաշին։
Զատիկին պորտուգալացիները սեղանին դնում են մսային ուտեստներ։
Սեղանի ամենահայտնի ուտեստը համարվում է տապակած «Leitao» խոզը՝ համեմված կարտոֆիլով և այլ բանջարեղեններով, ինչպես նաև թարմ թխված հացը։