Այսօր կառավարության դիմաց կրկին հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր ակնկալում էին հանդիպել նախարարի կամ փոխնախարարի հետ։ Հիշեցնենք, որ նախարար Յոլյանն օրեր առաջ հայտարարել էր, թե մինչև ապրիլի 1-ը ռուս ներդրողներից պատասխան և առաջարկներ են ստանալու գործարանի վերագործարկման վերաբերյալ: 

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նաիրիտցիները տեղեկացրին, որ այսօր երեկոյան՝ ժամը 18։00-ին, աշխատանքային խումբը հանդիպելու է փոխնախարարի հետ։ Համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը նշեց, որ իրենց հետագա ծրագրերի մեջ է մտնում ԱԺ-ում «Նաիրիտի» հարցով ստեղծված ենթահանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ հանդիպում պահանջելը։

 

Նրանք ցանկանում են տեղեկացված լինել, թե հանձնաժողովը ինչ աշխատանքներ է կատարել. արդեն 1,5 տարի է անցել։ Նաիրիտցիները բողոքի ակցիաները դադարեցնելու մտադրություն անգամ չունեն, քանի դեռ գործարանը չի վերագործարկվել։