Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Այսօր արդեն ոթստիկանությունը տեղեկացրեց, որ Կարեն Վարդանյանը դաժանաբար սպանվել է։ Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ի ծրագրորի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ Արթուր Միհրանյանը Կարենի հարևանն էր, ում անունով Կարենը գրանցել էր իր բնակարանը։ Նշենք, որ Կարեն Վարդանյանը 300 հազար դրամի տուգանք ուներ և վախենում էր, որ ԴԱՀԿ-ն կալանք կկիրառի բնակարանի նկատմամբ։ «Այդ տղան համոզել էր Կարենին, որ իբրև բնակարանի վրա 300 հազար դրամի կալանք չտարածվելու համար այն իր անունով գրանցի, Կարենն այդպես էլ վարվել է, նա շատ միամիտ էր: Հետո ուղղակի սպանել է Կարենին և նրա բնակարանն էլ վերավաճառել։ Դա արվել է բնակարանի հափշտակությունը պարտակելու համար»,- ասաց Իոաննիսյանը։
Նրա խոսքով՝ Կարենը չի կասկածել, որ իր հարևանը կարող էր նման բան անել։ Արաբական Միացյալ Էմիրություններում լինելու մասով էլ Իոաննիսյանը նշեց, որ Կարենն իրեն հայտնել էր մեկ շաբաթով այնտեղ մեկնելու մտադրության մասին։ Այդ հանգամանքն էլ օգտագործել էր Կարենի հարևան, 22-ամյա Արթուր Միհրանյանը։ Նա համոզել է Կարենին իր ծանոթ տաքսիստի հետ ուղեկցել Վրաստան, այնտեղից էլ Դուբայ։ Եվ հենց Սևանի ճանապարհին կատարվել է սահմռկեցուցիչ սպանությունը։
Ըստ Իոաննիսյանի՝ 23-ամյա Գևորգ Զոհրաբյանն այս ընթացքում հասցրել է նաև գումարներ շորթել և 2 «Օպել» մակնիշի ավտոմեքենա գնել՝ ցանկանալով տաքսի ծառայություն հիմնել:
«Սպանության մեջ մեղադրվող անձանցից մեկն էլ որպես տաքսիստ աշխատում էր Գևորգի մոտ»,- ամփոփեց Դանիել Իոաննիսյանը:
Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է: