Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են: ԼՈՒՐԵՐ.com հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանն ասաց, որ խուճապի մատնվել պետք չէ։ 

 

«Մենք՝ որպես պատերազմում հաղթող կողմ, 22 տարի բանակցել ենք, այդ ընթացքում հակառակորդը որպես պետություն, ուժեղացել է և փորձում է թելադրել իր ուզածը։ Պետք է ազգակենտրոն մտածել, ոչ թե անձնակենտրոն։ Այս ակտիվությունը միանգամից չէր։ Վերջերս Ադրբեջանը մեծ տրամաչափի զենքից էր կրակում, ստանդարտներից դուրս կրակում էին։ Չի կարելի խուճապի մատնվել, ոչ մի բան սարսափելի չէ, կործանարար կլինի, եթե խուճապի մատնվենք»,- ասաց պատգամավորը։ 

 

Բադասյանը շեշտեց՝ իշխանությունները պետք է մտածեն ազգակենտրոն։ Նրա խոսքով՝ մենք պետք է պատրաստ լինենք ամենավատին.  «Որպեսզի վատին պատրաստ լինենք, մեր միասնությունը, ոգին, պետք է ամուր լինի»։ 

 

Նշենք, որ ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: