Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին առանձնահատուկ հպարտություն է ներշնչում է հասարակ քաղաքացիների, բժիշկների ու դեղարտադրողների համախմբվածությունն ու բարոյահոգեբանական վերելքը, որը նկատվում է վերջին երկու օրում:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ նախարարությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով՝ անընդհատ կապի մեջ լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների համապատասխան վարչությունների հետ:

 

«Իրականում մեծ համախմբվածությում եմ տեսնում, բարոյահոգեբանական վերելք, որը հպարտության խորը զգացում է առաջացնում: Մարդիկ ցանկություն են հայտնում որևէ կերպ մասնակցություն ունենալ, արյուն հանձնել, բայց պետք է ասեմ, որ մեր պաշարներն այս պահին բավարար են: Մյուս կողմից՝ բժշկական անձնակազմը, որը պատրաստ է ամեն րոպե մեկնելու առաջնագիծ և հայ զինվորի կողքին լինելու: Նրանց պետք է խնդրեմ, որ մեկնեն միայն առողջապահության նախարարության կողմից համակարգված ուղեգրման դեպքում: Ոգևորիչ են նաև դեղարտադրող-գործարարների կողմից արված նվիրատվությունները, որոնք ոչ միայն լրացուցիչ դեղորայք են տրամադրում, նաև հոգում են դրանց տեղափոխումը»,- ասաց Արմեն Մուրադյանը:

 

Նախարարի խոսքով՝ դեղորայքը մատակարարվում է ըստ անհրաժեշտ ցուցակների, որոնք կազմվում և տրամադրվում են այն բուժհիմնարկներին, որոնք տուժածներին ու վիրավորվածներին բուժօգնություն են տրամադրում:

 

Նախարարը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ առողջապահական համապատասխան կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։