Քանի դեռ կա Լեռնային Ղարաբաղի չլուծված հարցը, սահմանին միշտ էլ լարումը լինելու է: Սա Ադրբեջանի տեսակետն է։ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով սահմանին տիրող լարված իրավիճակի մասին:

 

Այս ամենում Ռուսաստանի դերակատարության մասին, քաղաքագետը նշեց՝ Ռուսաստանը գոնե արտաքուստ ցույց է տալիս, որ համաձայն չէ այս լարմանը, և պատահական չէր, որ Մինսկի խմբի եռանախագահներից առաջինը Պուտինը կրակը դադարեցնելու կոչ արեց: «Լարումը, սակայն, չկանգնեց, ինչը նշանակում է՝ կողմերից մեկը չի համաձայնում հարցի լուծման ռուսական տարբերակին։ Դեռևս ինչ-որ խնդիրներ կան, որոնք լուծված չեն։ Թե ինչ զարգացումներ կունենա հարցը, դժվար է ասել։ Միգուցե ինչ-որ պահի ռուսական կողմը ստիպի կրակը դադարեցնել»,- ասաց Արմեն Բադալյանը։

 

Քաղաքագետը չբացառեց, որ Մոսկվան կարող է պարտադրել Հայաստանի իշխանություններին որոշակի տարածքներ հանձնել, սակայն իշխանությունները դա կանեն, թե ոչ, այլ հարց է։

 

Հավելենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Պաշտոնական թվերով՝ հայկական կողմն ունի 18 զոհ, 32 վիրավոր, իսկ հակառակորդի զոհերը և վիրավորների թիվն անհաշվելի է։