Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր է վերադարձել Արցախից: Պատգամավորը եղել է Ստեփանակերտում, Մարտակերտում, Թալիշ-Մատաղիս հատվածում:

 

Պատգամավորը խոսելով ստեղծված ռազմաքաղաքական վիճակի մասին՝ նշեց, որ ամենակարևոր արձանագրումն այս պահի դրությամբ այն է, որ պետք է մոռանալ «զինադադար», «զինադադարի խախտում» հասկացությունների մասին, որովհետև սա այլևս զինադադարի խախտում չէ, սա պատերազմ է:

 

Պատգամավորը նշեց, որ մարտական գործողությունների սկսման առաջին օրն Արցախի հարավից ու հյուսիսից ադրբեջանական զորքերը Արցախի տարածք ներխուժելու փորձ կատարեցին, զորքեր կուտակեցին շփման գծի երկայնքով, ինչը նշանակում է, որ սա պատերազմ է:

 

Փաշինյանն արձանագրել է հակառակորդի կողմից հրետանու կրակահերթերին, ականների պայթյունների ու անօդաչու սարքերի կիրառմանը: «Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում»,- ասաց Փաշինյանը:

 

Պատգամավորի համոզմամբ՝ հակառակորդի այս փուլի նպատակները ձախողվել են, նրանք փորձել են երկու ուղղությամբ մտնել Արցախ, և եթե այդ երկու անցումը ստացվեր, հաստատ դրան հետևելու էր կենտրոնից հարձակումը՝ Ստեփանակերտ քաղաքի վրա: Բայց քանի որ հայկական զինված ուժերը կարողացել են հուսիսում ու հարավում կասեցնել ներխուժման փորձը, հակառակորդը հասկացել է, որ պլանը չի հաջողվում իրականացնել:

 

«Եթե մենք այս պահի դրությամբ զնադադար հաստատենք, որտե՞ղ է երաշխիքը, որ չի խախտվի այդ զինադադարը մի քանի օր հետո: Եվ ենթադրենք, մենք ամրագրեցինք մեր դիրքերն այնպես, ինչպես մինչև ապրիլի 1-ի դրությամբ էր, էլի որտե՞ղ է երաշխիքը, որ նրանց կողմից հարձակումներ չեն լինի: Ուստի, լուծումը արցախցիների մեծ մասի կարծիքով հետևյալն է՝ պետք է այս փուլում անել ամեն ինչ՝ Ադրբեջանին տարածքային լուրջ կորուստներ պատճառելու համար, որ գոնե երաշխիք ունենանք, որ Ալիևը շոկից մեկ տարի դուրս չգա»,- ասաց պատգամավորը: