ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ Բաքվում լրագրողների հետ զրույցում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ասել է. «Առանց հրադադարի ռեժիմի պահպանման խաղաղ բանակցություններն անհնար են: Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ն սատարում է Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերը: Համանախագահները շատ կառուցողական զրույց են ունեցել Իլհամ Ալիևի, պաշտպանության և արտգործնախարարների հետ: Հարցի լուծումը հայկական զորքերի դուրս բերումն է գրավյալ տարածքներից և դրանց վերադարձը Բաքվին, միևնույն ժամանակ՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման նախապատրաստությունը»:
Այս մասին, հղում կատարելով ադրբեջանական աղբյուրներին, երեկ տեղեկացրին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Դրանցից մեկի տեղեկացմամբ՝ Ուորլիքը նաև ընդգծել է, որ ինքը Մինսկի խմբի աշխատանքից ադրբեջանցիների հուսահատությունը հասկանում է, քանի որ անցել է արդեն 20 տարի, բայց պատերազմը դեռ բերում է նորանոր մահեր, հետևաբար անհրաժեշտ է քաղաքական որոշում:
Վերոնշյալ տեղեկատվությունն Ադրբեջանի հերթական տեղեկատվական-քաղաքական սադրա՞նքն է, թե՞ իսկապես համապատասխանում է իրականությանը, Ջեյմս Ուորլիքն այնտեղ խիստ ադրբեջանամետ կարծիք հայտնելով՝ իսկապե՞ս ասել է, թե կոնֆլիկտի լուծումը հայկական զորքերի դուրսբերումն է Ադրբեջանի օկուպացված տարածքներից և դրանց հանձնումը Բաքվին: Ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի այս հարցի, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց.
«Քանի որ դա հաղորդել են ադրբեջանական կայքերը, այս պահին ես հակված չեմ հավատալու, որ հենց այդպես է դա ասվել: Հիմա Ուորլիքն ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ, կարծում եմ, լրագրողներն այնտեղ այդ հարցը նրան տալու, ճշմարտությունը պարզելու հնարավորություն կունենան, ինչպես նաև ապրիլի 9-ին Երևանում»: