Ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի մասին տեղեկությունը ստանալու պահին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը տեղափոխվել է Պաշտպանության բանակի հրամանատարական կետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Բակո Սահակյանը նշեց, որ հրամանատարական կետում, ծանոթանալով օպերատիվ իրավիճակին, տվել է համապատասխան կարգադրություններ, հանձնարարականներ, ցուցումներ և հրամաններ:

 

 

«Տվել եմ համապատասխան հրաման Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին՝ կազմակերպել ոչ թե դիմադրություն, այլ իրականացնել միջոցառումներ հակառակորդի գործողությունները կասեցնելու՝ նպատակ դնելով հետապնդել նրա կենդանի ուժը և ոչնչացնել միջոցները: Հանձնարարականը կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Արցախին օգնության հասած մայր Հայաստանից կամավորականները, աշխարհի տարբեր կետերից մարտի եկած հայորդիներ: Առաջադրանքը փառքով կատարվել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականի գլխավորությամբ»,- նշեց Բակո Սահակյանը:

 

 

ԼՂՀ նախագահը նաև նկարագրեց ապրիլի 1-2-ի գիշերը իր աշխատասենյակում տեղի ունեցած քննարկումները: «Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են մեր աշխատանքային առօրյայի մասին գիտեն, որ մենք չենք սահմանափակվում դասական ծառայողական պարտականությունների կատարմամբ: Մենք աշխատանքը սկսում ենք շուտ և ավարտում ենք ուշ գիշերը: Այդ օրը մենք, գտնվելով իմ աշխատասենյակում, գիշերը 01:15-ին ունեինք տեղեկություն, որ հակառակորդն իրականցնում է որոշակի շարժ»,- ասաց Սահակյանը: Այդ տեղեկությունները Բակո Սահակյանը քննարկել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Մնացականյանի , ոստիկնապետ գեներալ Աղաջանյանի և ԱԱԾ տնօրենի հետ:

 

 

«Տեղեկությունն ընդունել ենք, որպես հակառակորդի կողմից իրականցվող հերթական սադրանք՝ ընկալելով որպես լոկալ հատվածում հերթական սրացում: Մենք այդպիսի նախնական տպավորություններով մեկս մյուսին ցտեսություն ենք հայտնել և մեկնել, այսպես ասած, «հանգստանալու»: ՊԲ հրամանատարը մեկնել է իր աշխատասենյակը և սկսել է լրացուցիչ ստուգումներ իրականացնել»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ հակառակորդը գիշերը ժամը 03:00-ի շրջանում սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Դրանից հետո ԼՂՀ նախագահը տեղափոխվել է ՊԲ հրամանատարական կետ և տվել համապատասխան հանձնարարականներ: