ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիա կատարած այցի ժամանակ հարցազրույց է տվել «Deutsche Welle» լրատվականին, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության սրմանն ու այդ հակամարտության մեջ Ռուսաստանի դերին: Ներկայացնում ենք հարցազրույցը՝ որոշ կրճատումներով:
«Deutsche Welle»-ի թղթակից Նիկիտա Ժոլկվերին տված հարցազրույցում ՀՀ նախագահը ներկայացրել է իր տեսակետն այդ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ, պատմել է եռօրյա պատերազմից հետո հրադադարի մասին պայմանավորվածությանը հասնելու հարցում Ռուսաստանի դերի մասին, ինչպես նաև հույս հայտնել, որ շուտով Գերմանիան նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Լրագրողը հնչեցրել է հետևյալ հարցը. «Դուք նշեցիք, որ Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերելու գործում: Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում: Նշեցիք, որ Ռուսաստանը ձեր դաշնակիցն է, հովանավորը, բայց միևնույն ժամանակ այդ նույն Ռուսաստանը ժամանակակից զենք է վաճառում Ադրբեջանին»:
Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես երբեք չեմ ասել, թե Ռուսաստանը մեր հովանավորն է, ու առհասարակ ոչ մի պետություն չի կարող մեր հովանավորը լինել: Եվ Ռուսաստանը երբեք այնպիսի դեր չի ունեցել Հայաստանի համար, ինչպիսին Թուրքիան ունի Ադրբեջանի համար: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց միևնույն ժամանակ մենք միշտ բացեիբաց հայտարարել ենք, որ դեմ ենք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն»: