Տևական «լռությունից» ու կարելի է ասել՝ անգործությունից հետո մեկ օրում մի քանի հայտարարություններ ՀՀ ԱԳՆ-ի կողմից. մի տեսակ մարդու հավատն էլ չի գալիս: Եվ հայտարարություններն էլ բազմազան են՝ տարբեր ուղղություններով. Մեկ ԵՏՄ-ի մեր գործընկերներին դիրքորոշում հայտնելու մասին, մեկ Բելառուսի նոր հայեցակարգի շուրջ մտահոգության մասին, մեկ Իսրայելին բողոքի նոտա չհղելու մասին (Ադրբեջանին զենք վաճառելու համար), ինչպես նաև այն մասին, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի արտահայտությունները վայել չեն պետական գործչին:

 

 

Տեսնում ե՞ք՝ մեկի տեղը մի քանի հայտարարություն միանգամից, և առաջին հայացքից տպավորություն կստեղծվի, որ վերջին օրերի քննադատություններից և անգործության մեջ մեղադրանքներից հետո մեր ԱԳ նախարարը որոշել է սկսել նորմալ աշխատել: Բայց բանն այն է, որ վերոհիշյալ հայտարարությունները ոչ թե Էդվարդ Նալբանդյանն է արել, այլ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ապրիլի 15-ին կառավարության նիստի ժամանակ ելույթ ունենալիս և նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս: Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ նույն օրը Շավարշ Քոչարյանը հանդիպել է նաև Հայաստանում Իրանի դեսպանի հետ և քննարկել երկկողմ հարաբերությունները, ապա կարելի է ասել, որ մեր ԱԳՆ-ն կարծես թե որոշել է սկսել աշխատելը: Բայց ԱԳՆ-ն, այլ ոչ թե ԱԳ նախարարը:

 

 

Իսկ ու՞ր է մեր ԱԳ նախարարը… Այս հարցն, իհարկե, անպատասխան կմնա, որովհետև առաջին անգամը չէ, որ հնչում է և կարելի է ասել՝ Նալբանդյանի պաշտոնավարության օրոք սա մշտապես արդիական հարց է: Իհարկե, 2 օր առաջ մենք նրան նորից տեսանք, բայց դա 2 օր առաջ էր:

 

 

Կարեն Վարդանյան