Ապրիլի 18-ի գիշերը Հայաստանի ծանրամարտի հավաքականը ժամանել է Երևան:
Բուռն ծափողջույնների և հայրենասիրական վանկարկումների ներքո հայ ծանրորդները մտան սպասասրահ, որտեղ նրանց առաջինը դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Հայաստանի մարզական ոլորտի պատասխանատուներից ստանալով առաջին շնորհավորանքներն ու դափնեպսակները՝ հայ ծանրորդներն արագորեն շրջապատվեցին օդանավակայանի սպասասրահում նրանց սպասող հարազատներով և մարզասերներով:
«Կարոտել էի այս մթնոլորտը: Իսկապես սպասում էի, որ հենց այս կերպ մեզ կդիմավորեն: Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի չեմպիոն դառնալ և աշխարհին հնարավորություն տվեցի ևս մեկ անգամ մեր երկրի մասին խոսելու»,- հուզված, բայց իր սխրանքով բավականին հպարտ՝ «Արմենպրես»-ի հետ կարճ զրույցում նշեց +75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը:
Ոչ պակաս հուզված տեսք ուներ վերջին տարիներին բազմաթիվ վիրահատությունների ու չափազանց ծանր դժվարությունների միջով անցած Նազիկ Ավդալյանը. «Անգամ ամուսնուս հետ դեռ չեմ հասցրել խոսել: Գիտեմ՝ գնացել է ընկերների հետ Ղարաբաղ՝ դիրքեր: Ես մտածում էի, որ նա չի կարող չգնալ, այնպես որ ինձ համար մեծ անակնկալ չէին իր գործողությունները: Իսկապես, շատ հպարտ եմ, որ կարողացա հաղթել ու Եվրոպայի չեմպիոն հռչակվել: Գիտեմ, որ շատ անելիքներ, մարզումներ ունենք մինչև Օլիմպիական խաղերը, սակայն կարևորը վստահ եմ իմ ուժերին»:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավականին գործնական էր տրամադրված անգամ ինքնաթիռի՝ Երևանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո. «Արդեն իսկ պետք է պատրաստվենք Օլիմպիական խաղերին: Վաղվանից սկսած պետք է փորձենք գնահատել մեր մարզիկներին, կազմենք ծրագիր ու առաջ շարժվենք: Օլիմպիական խաղերում մեդալի հույս ունենալը միմիայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ արդարացված կլինի»:
Մարզչի խոսքի հետ համաձայն է Եվրոպայի չեմպիոն հռչակված Անդրանիկ Կարապետյանը: Ըստ նրա՝ պետք է ճիշտ գնահատել ուժերը և մշտապես մարզվել. «Ես ինքս գոհ եմ իմ արդյունքից, բայց դեռ շատ անելիքներ կան: Ապրիլի 28-ից սկսելու եմ բավականին ակտիվ պատրաստվել արդեն Օլիմպիական խաղերին: Քիչ ժամանակ է մնում, այնպես որ պետք է ճիշտ օգտագործենք այն»:
Կարապետյանին Եվրոպայի չեմպիոնի կոչումը զիջած Տիգրան Մարտիրոսյանը ևս գոհունակություն հայտնեց իր արդյունքից, թեպետ չթաքցրեց, որ Ռիոյում Օլիմպիական մեդալի համար պայքարելու է ավելի բարձր կիլոգրամներ հաղթահարելու համար. «Բավականին կենտրոնացած հանդես եկանք ողջ թիմով, ինչի արդյունքը Եվրոպայի ուժեղագույն հավաքականի պատվին արժանանալն է: Ինքս կփորձեմ մարզումների միջոցով ավելի լավ արդյունքների հասնել: Տեսնենք, դեռ ժամանակ կա»:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում չթաքցրեց, որ իր սպասելիքները լիովին արդարացրել են բոլոր մասնակիցները՝ թեև մի փոքր ուժերից ցածր է հանդես եկել Իզաբելլա Յայլյանը, ով, ըստ մարզչի, կարող էր և պետք է պայքար մղեր մեդալի համար. «Ցավոք, Յայլյանի արդյունքից գոհ չեմ: Նա մեծ պոտենցիալ ունեցող ծանրորդ է և կարող էր ավելի լավ հանդես գալ: Ընդհանրապես մենք, իմանալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունների մասին, չէինք կարո ղ հանգիստ շարունակել մեր ելույթները: Արեցինք ամեն բան, որպեսզի աշխարհը տեսնի, թե ով է հայը: Մենք այլ կերպ վարվել չէինք կարող: Ես ասացի հավաքականի անդամներին, որ պետք է ոչ թե լավ հանդես գալ, այլ անել առավելագույնը հանուն մեր հայրենիքի: Պատահական չէ, որ բոլորս այս հաղթանակը նվիրում ենք մեր քաջարի զինվորականներին»:
Գերծանր քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակված Գոռ Մինասյանը, ով Ֆյորդեում անհատական ռեկորդ սահմանեց թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում, «Արմենպրես»-ին փոխանցեց, որ իր գրանցած արդյունքը բարելավելու կարիք է զգում. «Եվրոպայի չեմպիոնին զիջել եմ մոտավորապես 20 կգ-ով, այնպես որ ձեռքերս ծալած նստել չեմ կարող: Կարճատև հանգստից հետո կսկսեմ քրտնաջան պարապել Օլիմպիական խաղերում լավագույնս ելույթ ունենալու և մեդալի համար պայքարելու համար: Կարծում եմ, դա իմ ուժերից վեր չէ: Ամեն ինչի կարող եմ հասնել մարզումների շնորհիվ»:
Լուսանկարվելով իրենց երկրպագուների, հարազատների ու «Զվարթնոց» օդանավակայան ժամանած բարեկամների հետ՝ հայ ծանրորդները շնորհակալ եղան հայ զինվորականներին ու իրենց հաղթանակը նվիրեցին Հայաստանի և Արցախի սահմանն անխախտ պահող մարտիկներին: