Օսմանյան կայսրությունը 1915թ. ամեն ինչ արել է, որպեսզի հայերի մասին ոչ մի հիշողություն չմնա, իսկ դրա արդյունքում հայերը տարածվեցին աշխարհով մեկ: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ միջազգային գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին ասաց Շվեյցարական ազգային գիտական հիմնադրամի գիտաշխատող Ֆրանչեսկա Պիանան: «Հիմա, երբ մենք խոսում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, բախվում ենք ժխտողականության: Ցավոք, հիմա միջազգային քաղաքականության անբաժան մասն է դարձել փախստականների խնդիրը, որն արդյունք է նաև ցեղասպանությունների համար անպատժելիության և մարդկության դեմ իրականացվող ոճիրների շարունակականության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Պիանան:

 

Նա հավելեց, որ շատերը 21-րդ դարի մասին խոսում են որպես ծայրահեղ բռնությունների դարաշրջան: «Սա ևս արդյունք է ցեղասպանությունների համար անպատժելիության: Եթե ուսումնասիրենք անցյալի դասերը, Հայոց ցեղասպանության հետևանքներն ու դրան հաջորդող իրադարձությունները, կկարողանանք հասկանալ, թե ինչու է հիմա այս ամենը շարունակվում: Հարկավոր է հասկանալ խնդիրը՝ աշխարհի ապագա խաղաղությունն ապահովելու համար»,- եզրափակեց Պիանան: