Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 38 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից' կիրառվել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

 

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն' ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ' օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 (3 արկ), 82 (4 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 տիպի նռնականետ (57 արկ) և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (11 կրակոց): Շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ անարդյունավետ կիրառել է նաև SPIKE տիպի հակատանկային կառավարվող հրթիռ (1 հատ):

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում' հակառակորդի ակտիվությունը լռեցվել է: