Ժողովրդական իմաստնությունն ասում է' «Սովոր ձեռքի չի թարգի»: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գուրգեն Մկրտչյանը հափշտակություններ կատարելու համար իր պատիժը կրելով ՀՀ ԱՆ գաղութների վարչության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, Ալեն Գասպարյանի գույքին խարդախությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել դարձյալ հափշտակություն կատարելու համար նույն քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալի' Դավիթ Բաբայանի հետ:

 

 

Ըստ մեղադրական եզրակացության, նախապես տեղեկանալով, որ համացանցում, կայքերից մեկում առկա է Ալեն Գասպարյանի կողմից տեղադրված օրավարձով տեսախցիկ տրամադրելու վերաբերյալ հայտարարություն, որպես խաբեության եղանակ օգտագործելով մեկ օրվա դիմաց 15 000 դրամով տեսախցիկ վարձակալելու պատրվակը, Դավիթ Բաբայանի ազգական Հարություն Հարությունյանի միջոցով' վերջինիս խաբելով, թե հետագայում Ա. Գասպարյանին տրամադրվելու է տեսախցիկի համար նախատեսված վարձավճարը և հետ են վերադարձնելու տեսախցիկը, նրանք խարդախությամբ հափշտակել են Ալեն Գասպարյանին պատկանող 840 000 դրամ արժողության տեսախցիկը:

 

 

Վերը նշված արարքի համար Գուրգեն Մկրտչյանին և Դավիթ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախությունը») 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: