Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, ինչպես արդեն հայտնի է, օրերս իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:
Հրամանագրերն այդ, կարծում եմ, վաղուց էին հասունացած… Դրանց միաժամանակ ի հայտ գալը նույնպես հուշում է, որ հիշյալ պաշտոնյաները, մեղմ ասած, թերացել են իրենց աշխատանքներում: Այսօր երևի ցանկացած հայաստանցու հայտնի են այն մեծ դժգոհությունները, որ կան բանակի նյութատեխնիկական ապահովման հետ կապված, ինչպես նաև այն կասկածները, որ հետախուզությունը Ադրբեջանի հարձակման մասին նախապես բավարար տեղեկություններ չի փոխանցել ղեկավարությանը:
Գուցե կատարվածում հետախուզությունը որևէ մեղք չունի՞, այսինքն' ժամանակին հայտնաբերել է այն ամենը, ինչ պետք է հայտնաբերեր, ու ժամանակին զեկուցել այդ մասին ղեկավարությունը: Գուցե… Հնարավոր է նաև, որ Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնից հեռացվել է ոչ թե բանակի նյութատեխնիկական վատ ապահովման, այլ մեկ ուրիշ պատճառով: Սակայն, բոլոր դեպքերում, կասկածից դուրս է, որ հիշյալ գեներալներին իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու պատճառները բավական լուրջ են եղել: Այնքան լուրջ, որ ՀՀ նախագահը անտեսելով ժողովրդական հայտնի իմաստնությունը (գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում), այս խառը, լարված, վտանգավոր ժամանակներում գնաց այդ արմատական քայլին, այն էլ' ՀՀ զինված ուժերի միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Կարծում եմ, դա հարկադրական քայլ էր, երբ համբերության բաժակը, ինչպես ասում են, լցված է լինում, կամ դանակը ոսկորին հասցված, այսինքն' հանդուրժել այլևս հնարավոր չի լինում, անկախ նրանից, որ դիմացինները ոչ թե շարքային զինվորներ, այլ գեներալներ են:
Ցավոք, մեր երկրում տարիներ շարունակ ձևավորված «պետական ավանդույթի» համաձայն, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները ձևակերպվում են իբրև սեփական դիմումի համաձայն պաշտոնից հեռացում: Դրանց իրական պատճառների մասին հանրությանը չի հայտնվում' ասպարեզը թողնելով տարբեր կասկածների, ենթադրությունների, վարկածների համար, որոնք կարող են իրականությանը և՛ համապատասխանել, և՛ չհամապատասխանել: Մինչդեռ հենց բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության իրական պատճառները բացեիբաց հայտնելն է, որ զանգվածային բնույթ ունեցող հնարավոր ասեկոսեների առաջացումը կանխելուց բացի, կարող է մեղմել իշխանությունների նկատմամբ հանրության ներկայիս մեծ և արդեն վտանգավոր դարձած անվստահությունը, մարդկանց հավատ ներշնչել, որ երկրում արդարություն կա, օրենքը նաև բարձրաստիճան պաշտոնյաների համար է:
Իրենց զբաղեցրած պաշտոններից նրանց ազատելու իրական պատճառների մասին հրապարակայնորեն հայտնելը կարևոր է նաև այն առումով, որ նման գործելակերպը, ամենայն հավանականությամբ, դաս կլինի հիշյալ պաշտոնյաներից հետո եկողների և այլոց համար: Հակառակ պարագայում չկա որևէ երաշխիք, որ մի քանի տարի հետո նրանք էլ համը չեն հանի և պաշտոններից հեռացվի «սեփական դիմումների համաձայն»:
Արթուր Հովհաննիսյան