«Թուրքական իշխանությունների ապակառուցողական դերի» վերաբերյալ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի մեկնաբանություններին արձագանքել է նրա գործընկեր՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Տանժու Բիլգիչը, հաղորդում է Hürriyet Daily News-ը:

 

«Այն երկրի տեսակետները, որը չի հարգում իր հարևանների տարածքային ամբողջականությունը և փորձում է կոծկել իր սեփական ներքաղաքական խնդիրներն արկածախնդիրներով արտաքին քաղաքականությունում, մեզ համար որևէ արժեք չունեն», - հայտարարել է Բիլգիչը:

 

Բացի այդ, նա զարմանալի է համարել այն փաստը, որ մի երկիր, որը XX դարում երեք կառավարական փորձ է ունեցել՝ Ռուսաստանի կայսրություն, Խորհրդային Միություն և Ռուսաստանի Դաշնություն, ուրիշներին հիշեցնում է երկրների փլուզման մասին: Իսկ ահա Թուրքիան «խաղաղ և ազնիվ քաղաքականություն է վարում 1923թ.-ից»:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Թուրքիան փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության նախկին հզորությունը, սակայն բոլորը գիտեն՝ «ինչ ճակատագիր է ունեցել Օսմանյան կայսրությունը»: