ՀՀ կառավարությունը, կարծում եմ, հենց սա նկատի ունենալով էլ անցած հինգշաբթի (մայիսի 5-ին) անուղղակիորեն մերժել է «Մադրիդյան առաջարկները», որոնք ժամանակին պաշտոնապես հանձնվել էին Հայաստանի Հանրապետությանը և Ադրբեջանին: Միաժամանակ մերժել է նաև «Մադրիդյան առաջարկների» նորացված տարբերակի հիման վրա 2009թ. օգոստոսից կողմերին առաջարկվող լուծումը:

 

 

Հիշեցնենք, թե ինչ «լուծման» մասին է խոսքը:

 

 

«Մադրիդյան առաջարկները» կամ, պայմանական անվանմամբ, սկզբունքները (անգլ.՝ Madrid proposals) 2007 թվականին նոյեմբերին 29-ին Մադրիդում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների հավաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Արցախյան հակամարտության հետ կապված բանակցությունները վարող Հայաստանին և Ադրբեջանին խնդրի կարգավորման համար ներկայացված հիմնական առաջարկներն են: Մադրիդյան առաջարկների (սկզբունքների) թարմացված տարբերակի մի մասը հրապարակվել է Իտալիայի Աքվիլա քաղաքում 2009թ. հուլիսի 10-ին։

 

 

Հուլիսի 10-ին Աքվիլայում կայացած Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ արված ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահ-երկրների համատեղ հայտարարության հիման վրա Ադրբեջանին և Հայաստանին 2009թ. օգոստոսին ներկայացվել է 2007թ. Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, որը պարունակում է համանախագահների վերջին առաջարկությունները ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքների ձևակերպման վերաբերյալ։

 

 

Հիմնական (որոշ շարադրանքներում' հիմնարար) սկզբունքները մասնավորապես կոչ են անում' Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, նրա անվտանգության և ինքնակառավարման երաշխիքների տրամադրումով, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա սահմանում իրավականորեն պարտադիր կամարտահայտման միջոցով, Ներքին տեղահանված եւ փախստականների' իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունք, Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն նաև խաղաղապահ գործունեություն։

 

 

Թեև վերոնշյալ առաջարկները կամ սկզբունքները Մինսկի խմբի համանախագահ-երկրների կողմից ներկայացվում են այնպես, թե Հայաստանի և Ադրբեջանի կողմից դրանց հավանություն տալը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր, որը Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար կապահովի խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա, իրականությունը ճիշտ հակառակն է: Առաջին իսկ հայացքից էլ պարզ է, որ վերոնշյալ առաջարկները մեզ համար բացարձակապես անընդունելի են, քանի որ հայկական կողմի համար դանդաղ կամ արագ գործողության ականի նշանակություն ունեցող այդ առաջարկների ընդունման պարագայում մենք ոչ հեռավոր ապագայում կորցնելու ենք Արցախը, իսկ դրանից հետո հարցականի տակ է դրվելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու գոյությունը:

 

 

Հիմա ոմանք կարող են զարմանալ, թե ՀՀ կառավարությունն ինչպե՞ս է անուղղակիորեն մերժել «Մադրիդյան առաջարկները» և դրանց նորացված տարբերակի հիման վրա կողմերին առաջարկվող լուծումը, որ իրենք չեն իմացել: Պատասխանեմ' այդ մերժումն արտահայտված է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության, ըստ էության, դրական եզրակացության նախագծին տրված հավանությամբ: Դա միաժամանակ հավանություն է նաև «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին կցված այդ փաստաթղթի ընդունման հիմնավորման, որը, ցավոք, առ այսօր պատշաճ ուշադրության չի արժանացել մեր ԶԼՄ-ների և հանրության կողմից:

 

 

Մինչդեռ, հիմնավորման գ) կետում շարադրված է ուղղակիորեն հետևյալը.

 

 

«մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեև Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը տևապես պատրաստակամություն և քաղաքական կամք են դրսևորել' գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն (ԱՀ) արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որևէ լուծում մերժելու և Արցախի ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելին՝ պաշտոնական Ադրբեջանն այս օրերին անցել է լայնածավալ պատերազմի շփման գծի ողջ երկայնքով: Հրապարակված «Մադրիդյան առաջարկների» (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ Արցախի Հանրապետությանը, և նորացված' 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, դրանում ամրագրված Արցախի պետական տարածքային ամբողջականությանը, հետևաբար և Արցախի ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաև ՀՀ ազգային անվտանգությանը» (ընդգծումը' մերը):

 

 

Ընդգծեմ, որ ՀՀ կառավարությունը չմերժելով նաև տվյալ հիմնավորմամբ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, պարզապես ընդունումը պայմանավորելով «Հայաստանի և Արցախի միջև քննար¬կում¬ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները», ըստ էության, չի ժխտել, ընդունել է, որ «Մադրիդյան առաջարկների» և «Մադրիդյան նորացված առաջարկների» հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, դրանում ամրագրված Արցախի պետական տարածքային ամբողջականությանը, հետևաբար և Արցախի ազգային անվտանգությանը, միաժամանակ սպառնալիք է նաև ՀՀ ազգային անվտանգությանը: Իսկ սա արդեն նշանակում է անուղղակիորեն մերժել վերոնշյալ առաջարկները: Ավելին. օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալով, կառավարությունն անուղղակիորեն մերժել է նաև ս.թ. ապրիլի 2-ի դրությամբ դեռ բանակցային սեղանին դրված Կազանյան փաստաթուղթը, քանի որ դրա հիմքում նույնպես Մադրիդյան սկզբունքներն են:

 

 

Կարծում եմ, շատ կարևոր է այս ամենը նկատի ունենալը. եթե ՀՀ նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը երբևէ փորձեն ընդունել Մադրիդյան կամ Մադրիդյան նորացված առաջարկները, դրանց հիման վրա մշակված Կազանյան կամ թեկուզ դրա նման մեկ այլ փաստաթուղթ, մենք պետք է նրանց հիշեցնենք օրենքի նախագծի հիմնավորման վերը նշված և ընդգծված դրույթը:

 

 

Միաժամանակ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում այցելելով Հայաստան, դարձյալ խոսեն Մադրիդյան առաջարկների և Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան կամ դրա նման ինչ-որ մի փաստաթղթի մասին, ապա մեր հասարակության վերաբերմունքը նրանց առաջարկների ու նրանց նկատմամբ, կարծում եմ, պետք է, դիվանագիտական լեզվով ասած, շատ սառը լինի:

 

 

Մենք պետք է միասնականորեն դիմադրություն ցուցաբերենք այն ամենի նկատմամբ, ինչը սպառնալիք է Արցախի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, ավելին' պետք է հզոր հակահարված տանք այդպիսի ցանկացած սպառնալիքի:

 

 

Արթուր Հովհաննիսյան