Գյումրիում այս նախագահական ընտրությունները շատ նման են նախորդ՝ խորհրդարանական ընտրություններին. այն ընտրատեղամասերի մոտ, որտեղ մարդկանց կուտակումներ են եղել, այժմ էլ են կուտակված, իսկ որտեղ համեմատաբար հանգիստ է եղել, այժմ էլ է հանգիստ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ ԸՏ-ների բակերում ավտոմեքենաների կուտակումներ կան, մարդկանց են տանում-բերում, ԸՏ-ներից մեկում լրագրողների հանդեպ հոխորտանք են հնչեցրել, բայց ֆիզիկական ճնշում չի եղել: Մի քանի ԸՏ-ների նախագահներ իրենց տգեղ են պահել՝ պահանջելով, որ լրագրողները և դիտորդները նստեն անկյունում դրված աթոռներին: Այդ մասին Լ. Բարսեղյանը նամակով տեղեկացրել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
«Կաշառքների մասին բազմաթիվ ահազանգեր են եղել, սակայն ոչ մեկը վկայություն չի տալիս»,- ասաց Բարսեղյանը:
Նա հայտնեց, որ ընտրությունների մեկնարկից 6 ժամ անց Գյումրիում քվեարկել է ընտրողների մոտ 30-34%-ը: Բարսեղյանը նաև նշեց, որ փորձել են թաց անձեռոցիկով անձնագրի վրայից մաքրել կնիքի թանաքը և հաջողվել է:
Ըստ նրա՝ ԸՏ-ներում «Ժառանգություն»-ից կան վստահված անձինք, իսկ մյուս թեկնածուների վստահված անձինք կամ չկան, կամ քիչ են:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ռադիո հայ» ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Այս ընտրությունները Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում 6-րդ նախագահական ընտրություններն են՝ 1991 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1996 թվականին (Լևոն Տեր-Պետրոսյան), 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2003 թվականին (Ռոբերտ Քոչարյան), 2008 թվականին (Սերժ Սարգսյան):