Ինչ ուզում եք՝ ասեք, բայց դաշնակցականների մուտքը՝ կառավարություն մի տեսակ անփառունակ ստացվեց. մտած-չմտած երկիրը խառնվեց իրար, ու ընկնելով ղարաբաղյան խնդրով՝ այդպես էլ չհասցրեցինք խոշորացույցի տակ առնել դաշնակցական նախարարների գործելաոճն ու հնչեցնել հիմնավոր կարծիք, թե որքանով են իրար համապատասխանում նրանց հայտարարություններն ու գործելաոճը՝ նախքան իշխանության գալն ու դրանից հետո: Սակայն ինչպես կարելի է ենթադրել Արծվիկ Մինասյանի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի վերջին հայտարարությունից, դաշնակների՝ երկրում տիրող անիրավությունների մասին նախկինում ունեցած բացասական կարծիքն ենթարկվել է արմատական փոփոխությունների, ու Մինասյանն այլև չի հիշում կամ չի ցանկանում մտաբերել Հայաստանում շաքարավազի շուկայում երկար տարիներ գոյություն ունեցող մենաշնորհի մասին: Այսպես՝ կառավարության նիստից հետո Մինասյանը, լրագրողների հետ ունեցած զրույցում, նրանցից մեկի կողմից հնչեցրած այն հարցին, թե արդյոք Հայաստանում շաքարի ներկրման շուկան փա՞կ է, պատասխանել էր բառացիորեն հետևյալը. «Շաքարի ներկրման մասով առանձին ուսումնասիրություն է պետք, գոնե էկոնոմիկայի նախարարությունն այս պահին չունի ուսումնասիրություն իր տրամադրության տակ»: Արծվիկ Մինասյանը հավելել էր նաև, որ երբ կուսումնասիրվի շաքարի շուկան, այդ ժամանակ էլ գնահատական կտան:
Համաձայնե՛ք՝ սա ամենևին էլ այն պատասխանը չէր, որ կարելի էր ակնկալել Արծվիկ Մինասյանից՝ մեկից, ով իր պատգամավորական գործունեության ընթացքում, ենթադրում ենք, որ ոչ մեկ անգամ է անդրադարձել Հայաստանում մենաշնորհների խնդրին ու պատասխան պահանջել համապատասխան նախարարից: Հետաքրքրիր է՝ ինչո՞վ է պայմանավորված Մինասյանի նմանօրինակ վարքը, չլինի՞ թե դրա պատճառը ճիշտ այն է, ինչ հենց հիմա մտածեցինք. նա լուծել է իր կյանքի գերխնդիրը, զոռով-շառով, սրան-նրան քննադատելով ու պախարակելով, վատամարդ դառնալով՝ եկել-դարձել է նախարար ու հիմա տաքուկ տեղավորված իշխանական բուրգի բարձր հարկերում՝ վարանում է իրերը կոչել իրենց անուններով, վախենում է ասել, որ Հայաստանում շաքարավազի շուկան մենաշնորհված է շատ կոնկրետ անձի կողմից, ով էլ, վայելելով, հանրապետականների հովանավորչությունը, ինչ ուզում՝ անում է, ինչպես ցանկանում՝ այնպես էլ վարվում է: Ինչո՞ւ է վախենում, քանի որ հասկանում է, որ եթե իրեն ձիգ չպահի ու թույլ տա ավելորդ շարժումներ, կարող է և զրկվել փափագած աթոռից ու դառնալ գործազուրկ. այդպիսին են հայական ռեալները, ի՞նչ արած…
Ցավոք, մեր իրականությունն այնպիսին է, որ կարծել, թե եթե Մինասյանի փոխարեն նախարարական աթոռին բազմած լիներ ասենք ոմն Ղարագյոզյան, ապա նա կդրսևորեր շատ ավելի կամային վարք ու հաշվի չառնելով ոչինչ՝ իրերը կկոչեր իրենց անուններով, միամտություն կլիներ, քանի որ բոլորիս համար պետք է պարզ լինի՝ մեկ մարդը չի կարող դեմ գնալ համակարգին. կճզմվի, կփոշիանա:
Դավիթ Բաբանով