Փաստորեն, քառօրյա պատերազմն էր, որ պետք է ստիպեր մեր կառավարությանը վերաիմաստավորել իրենց աշխատանքը: Այսինքն, եթե քառօրյա պատերազմը չլիներ, կառավարությունը երբեք չէր վերաիմաստավորի իր' մեզ համար անպտուղ աշխատանքը և կշարունակեր նույն կերպ: Չնայած հիմա էլ, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե վերաիմաստավորելու են, դեռ չի նշանակում, թե էլի նույն ձևով չեն շարունակի: Օրինակ դուք կարո՞ղ եք պատկերացնել վարչապետին կամ նախարարներին ավելի համեստ ծառայողական մեքենաներով: Ես որ չեմ կարող պատկերացնել, էլ չեմ խոսում երբեմն էլ տրանսպորտով երթևեկող պաշտոնյաների մասին. միայն ոչ Հայաստանում:
Իսկ գործուղումների վրա կատարվող ճոխ ծախսերը. մի՞թե ազգիս «ընտրյալները» պատրաստ են հրաժարվել այն ճոխություններից, որոնք վաղուց արդեն դարձել են իրենց կյանքի անբաժանելի մասը: Մի տեսակ դժվար է հավատալը…

 

Կոռուպցիայի դեմ են ուզում պայքարել. տեսանք, թե ինչպես են «պայքարում» վերջին ժամանակներում' զրոյական արդյունավետությամբ: Մոտ մեկ շաբաթ առաջ էր, որ գրվեց, թե այդ նույն պայքարի շրջանակներում ինչ-որ գիտական հետազոտությունների և մասնավորապես խորհրդատվության համար ինչպիսի խոշոր գումարներ են նախատեսվել: Այսինքն, կոռուպցիան հենց կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի մեջ է: Իսկ նրանք ուզում են վերաիմաստավորվել…

 

Օրերս տեսանք նաև, թե Կառավարության շենքի մոտ ինչ վերաբերմունքի արժանացան մի շարք վաշխառուների, այդ թվում' Հերմինե Նաղդալյանի ամուսնու կողմից խաբված ու բնակարան կորցրած քաղաքացիները: Դա էլ է՞ր մտնում կոռուպցիայի դեմ պայքարի մեջ…
Ինձ թվում է' այս կառավարությունն իրեն ամբողջությամբ սպառել է և այս կազմով նա անկարող է որևէ դրական արդյունքի հասնել:

 

Կարեն Վարդանյան