ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ.Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։
Դ.Աբրահամյանին 13.05.2016թ. մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել և ամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։
Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից 16.05.2016թ. որոշում է կայացվել՝ Դ.Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն իրականացնելու, մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Քննության այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Վերջում հավելենք, որ սույն արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով: