ԵԿՄ անդամ Հեղինե Ղազարյանը հայտարարություն է տարածել, որով դիմել է Արցախի Հանրապետության նախկին պատգամավոր Վահան Բադասյանին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ես, լինելով հայ կին և Երկրապահի անդամ, ինձ իրավունք եմ վերապահում և խոսքս ուղղում Արցախի Հանրապետության նախկին պատգամավոր Վահան Բադասյանին: Պարո՛ն Բադասյան, դուք ինքներդ փորձել եք ձեզ հարց տալ, թե ի՞նչ եք ուզում: Փորձեք մի պահ մտածել ուղեղով, մեր ազգային հերոսների մասին արտահայտվում եք այնպես, որ միայն դահիճն այդպես կարտահայտվեր: Ես ձեր անցած ուղին չգիտեմ ու ձեր կարգավիճակին ծանոթանալով՝ անկեղծ ասած, ցանկություն չունեմ իմանալ: Դա պարզ է, եթե դուք ինքներդ մարտական ուղի անցած լինեիք, կարծում եմ, կհարգեիք մեր հերոսներին: Ձեր ելույթներում այնպես եք խոսում, կարծես թե, միայն դուք եք հասկանում այդ հողի արժեքը՝ մոռանալով, որ ամեն մի կտոր հողի համար մեր տղաները կյանք են ներդրել ու հաստատ ամենաշատն են ցավում այդ հողի համար: Պարո՛ն Վահան, զարմանում եմ, դուք ձեզ ինչպես եք թույլ տալիս համեմատվել Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ: Մանվել Գրիգորյանը բոլորից լավ գիտի Արցախի բնակիչների հոգսերն ու խնդիրները և ամեն տարի Գեներալը հոգում է այդ հոգսերը, իսկ ձեր նման բամբասկոտը' լինելով Արցախի Հանրապետության բնակիչ ու նախկին պաշտոնյա, ձեր անձնական հացի փռից Արցախի բնակիչներին անգամ պարտքով հաց չեք տալիս, ամոթ է: Ձեզ պահեք այնպես, որ ձեզ էլ հարգեն: Ոչ թե օգտվելով այսօրվա Արցախյան կարգավիճակից փորձում եք դեպուտատական ուղի վերականգնել, թե իբր, հայրենասեր եք: Հայրենասեր այդպես չեն լինում, այլ համախմբվում են ինչպես որ ապրիլյան պատերազմը ապացուցեց հայերի միասնությունը, անկախ երկրի հեռավորությունից: Իսկ դուք նույնիսկ չսպասելով գոնե պատերազմը հանդարտվեր, փորձում եք մարդկանց մեջ սերմանել ատելություն՝ հայը հայի դեմ, վատ ճանապարհ եք ընտրել, հետ կանգնեք, մի փորձեք պատերազմն օգտագործել ձեզ փիառ անելու համար' փոխարենը ավելի պարկեշտ մեթոդներ կան ժողովրդի հետ մտերմանալու համար: Հիշեք՝ գեներալ չեն ծնվում, այլ դառնում են իրենց նվիրումով: Կրկնում եմ՝ չփորձեք Գեներալ Մանվելին համեմատել ձեզ հետ ու ձեզ պահեք մարդավայել, ես դա խնդրում և պահանջում եմ որպես երկրապահի անդամ և հայ կին: Սա սպառնալիք չէ, այլ կոչ: Այլապես խոստանում ենք ստիպված կլինեք մի ամբողջ երկրապահի պատասխան տալ»: