«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը համացանցում Ադրբեջանի կրոնական առաջնորդներին ուղղված սպառնալիքներ պարունակող տեսանյութ է հրապարակել, որում խոստացել է հաշիվ մաքրել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը:

 

 

Տեսահոլովակը սոցցանցերում հրապարակել է ԻՊ-ի «Ֆուրաթ» ռուսալեզու մեդիախումբը:

 

 

«Ուղերձ Ռիբաթի հողերից բռնազավթված Ադրբեջան» վերնագրով տեսահոլովակում ծննդով Ադրբեջանից ռուսալեզու մարտիկը, որն իրեն անվանում է Գուսարի շրջանից (լեզգիաբնակ) «Կովկասցի Աբդուլլա», ասում է, որ իսլամ է ընդունել 2001 թվականին, արդեն 3 տարի է' գտնվում է Սիրիայում: Սկզբում կռվել է «Ջեբհաթ ան-Նուսրայի» համար, իսկ այժմ անցել է ԻՊ:

 

 

Տեսահոլովակում ջիհադականը սպառնում է վերացնել ադրբեջանական մուսուլմանների առաջնորդին' Կովկասի շեյխ ուլ-իսլամ Ալլաշուքյուր Փաշազադեին եւ տեղացի սալաֆիների (վահաբիների) առաջնորդ Գամեթ Սուլեյմանովին:

 

Հոլովակում Կովկասցի Աբդուլլլան Ալլահշուքյուր Փաշազադեին անվանում է «թաղութ» (անպատիվ մեկը, որը մոլորության է մատնում մարդկանց) եւ խոստանում գլխատել նրան: Սալաֆիների առաջնորդին մոջահեդը մեղադրում է այն բանում, որ նա վատաբանում է իրենց «խալիֆաթին»:

 

 

Նման մեղադրանքներով եւ սպառնալիքներով ԻՊ-ը սովորաբար հանդես է գալիս այն կրոնական առաջնորդների դեմ, որոնք ակտիվորեն համագործակցում են իշխանությունների հետ եւ ամբողջությամբ պաշտպանում են նրանց քաղաքականությունը:

 

 

Տեսահոլովակը հրապարակվել է որպես Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի նկատմամբ ԻՊ-ի «պաշտոնական» դիրքորոշում: