Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, հպարտանում է իր հերոս որդիով: Նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողությունից հետո լրագրողների զրույցում Քյալաշ Սլոյանը նշեց, որ ուրախ է ու հպարտ, որ իր որդին հերոս է: Քյալաշ Սլոյանը պատմեց, որ վերջերս գնացել է Արցախ, եղել այն նույն վայրերում, որտեղ ծառայել ու զոհվել է որդին:

 

 

«Գնացի այնտեղ, որտեղ որդիս զոհվել է: Տղերքը ծաղիկ էին դրել, գլխարկն էլ դրել ծաղկի վրա: Գնացի իր շորերը, ամանը, գդալը գտա, բերեցի»,- ասաց Քյարամի հայրը՝ ավելացնելով, որ հայրենի գյուղի դպրոցում ռազմագիտության դասարանը որդու անունով են կոչելու և նրա իրերը կդրվի դասասենյակում:

 

 

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտապանական մարտը։ Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին: