Տարօրինակ պահվածքով և մեծապետական ու կայսերական նկրտումներով հայտնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի վարած քաղաքականության արդյունքում այդ երկիրը փչացրել է հարաբերությունները իր բոլոր հարևանների հետ, այս անգամ էլ Արևմուտքին մեղադրել է՝ հայտարարելով, որ «Թուրքիային վրեժխնդիր են լինում 1453 թվականին Ստամբուլը գրավելու համար»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, այս մասին Էրդողանը հայտարարել է թուրքերի կողմից Ստամբուլի բռնազավթման 563-րդ տարելիցի առնչությամբ կազմակերպված միտինգում ունեցած ելույթում:
«Թուրքիայի ոչ բարեկամները ցանկանում են մեզ վրժեխնդիր լինել Ստամբուլի նվաճման համար: Ստամբուլի գրավումից հետո թուրքերը տեղավորվել են Անատոլիայում և Թրակիայում և չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից...»,- ասել է Էրդողանը:
Էրդողանը դրանով փորձել է պնդել, որ թուրքերին «կարելի է» անպատիժ զավթել ուրիշի հողերը:
Էրդողանը Արևմուտքին, գլխավորապես' Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի ներքին գործերին «միջամտելու» մեջ' նշելով, որ նրանք «կեղտոտ խաղեր են խաղում Սիրիայում» և «պաշտպանում ահաբեկիչներն»: Այսինքն' Էրդողանը Արևմուտքին և Ռուսաստանին մեղադրում է այն բանում, ինչ իրենք' թուրքերն են անում Սիրիայում:
«Ի՞նչ գործ ունեն Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում: Ի՞նչ են անում սիրիական հողերում ամերիկայան զինվորները: «Իսլամական պետությունը» արհեստականորեն ստեղծված կազմավորում է, և նրա հետ պայքարի պատրվակով խաղեր են իրագործվում, որոնց նպատակն առավելագույն չափով պարզ է: Որոշակի ուժեր փորձում են Թուրքիային պոկել Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից»,- հայտարարել է Էրդողանը:
Միջազգային և թուրքական ԶԼՄ-ները բազմիցս փաստագրական տվյալներ են հայտնել այն մասին, որ Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունները զենք և զինամթերք են մատակարարում Սիրիայում և Իրաքում կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման մարտիկներին, իսկ թուրքական կառավարությունը թիկունքային աջակցություն է ցուցաբերում այդ ահաբեկչական խմբավորմանը և թույլ է տալիս աշխարհի տարբեր ծայրերից Սիրիա մեկնող ջիհադականներին անարգել անցնել իր տարածքով և միանալ ահաբեկիչներն: