Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության տոնի առիթով ընդունելության ժամանակ իր ելույթում տարօրինակ հայտարարություն արեց: Մի կողմից՝ նա վստահություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման լուրջ բանակցությունները շուտով սկսելու մասին: Մեջբերում նրա ելույթից. «Գտնում եմ, որ Վիեննայի հանդիպումը հաջող էր: Մենք սպասում ենք, որ շուտով, առանց հապաղման, կսկսվեն շատ լուրջ, ինչպես միջնորդերն են ասում, սուբստանցիոնալ, այսինքն՝ բովանդակային բանակցություններ»: Մյուս կողմից՝ Ալիևը հայտարարեց, որ «այդ կոնֆլիկտը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում», որ «այլ ճանապարհ չկա», և «պետք է կատարվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը»: Այդ մասին REGNUM-ում գրում է Ստանիսլավ Տարասովը:

 

Ելույթը ուշադրության արժանի է, որովհետև Ալիևն առաջին անգամ է մեկնաբանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Վիեննայում բանակցությունների արդյունքները: Հետևենք պաշտոնական հայտարարությունների տրամաբանությանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայի պայմանավորվածությունների արդյունքներով հայտարարում էր. «Պայմանավորվեցինք, և այդ մասին կասվի համատեղ հայտարարության մեջ, հասնել հրադադարի պահպանմանը, կրակի դադարեցմանը այն տեսքով, ինչպես եղել է անցած դարի 94-95 թթ.»: Վիեննայում պայմանավորվածություն է ձեռքբերվել մոնիտորինգի ուղղությամբ քայլերի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների մեծացման մասին կոնֆլիկտի կարգավորման գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 

Այդ դիրքորոշումը հաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական գործերով պետնախարար Արլեմ Դեզիրի. «Նախագահները հաստատեցին իրենց հակվածությունը կրակի դադարեցմանը և կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Հետագա բռնության ռիսկի նվազեցման համար նրանք պայմանավորվեցին կարճ ժամկետներում ավարտել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրումը (սահմանային միջադեպերի): Նախագահները նաև պայմանավորվեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին»:

 

Այս փաստաթղթերում, ինչպես տեսնում եք, չկա ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիշատակում, որի մասին խոսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունելության ժամանակ: Դա նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի նախապատրաստվող համաձայնագիրն Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հունիսի վերջին ենթադրվող հանդիպման համար ավելի շատ տեխնիկական, անցումային է, որ կարող է ռեալ նախադրյալներ ստեղծել վերսկսելու ղարաբաղյան կարգավորման քննարկումները Մադրիդյան համաձայնությունների ձևաչափով: Եվ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը ձեռքբերում է համարում, որ երկու կողմերը հաստատեցին իրենց պարտավորությունները 1994-95-ի զինադադարի համաձայնագրով: Նա անվանել է «բարի կամքի դրսևորում նրանց պատրաստակամությունը աշխատել շփման գծում հետաքննության մեխանիզմների ստեղծման վրա», իսկ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հետևողական կլինեն և պատրաստ աշխատելու այդ հանձնարարականով».

 

Բաքուն, եթե հետևենք նախագահ Ալիևի տրամաբանությանը, «Վիեննայի հանդիպումը հաջողված» է համարում, բայց անսպասելի ի հայտ է գալիս հետաքրքիր ինտրիգ: Նախ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ասում է, որ Բաքուն մանդատ չի տվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Հետո նա կտրուկ փոխում է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանը դեմ չէ», «մենք ասել ենք, որ չենք առարկում այդ առաջարկին»: Սակայն Day.az-ի մեկնաբան Լեյլա Թարիվերդիևան մեղադրում է հայկական կողմին, որ «տեղեկատվական տարածքում ուժեղացված ներդրել է միտքը, թե քննարկումների ընթացքում լիակատար համաձայնություն է կայացել Երևանի պայմանների շուրջ, որոնց, իբր, ճնշման տակ համաձայնել է և Բաքուն»: Նա պնդում է. «Բաքուն միանշանակ հայտարարել է, որ Վիեննայում քննարկվել են ինչ-որ հարցեր, բայց այս կամ այն քայլին Ադրբեջանը ոչ մի համաձայնություն չի տվել»: Թարիվերդիևան հղում է անում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը. «Վիեննայի հանդիպման արդյունքներով՝ կողմերը ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ պայմանավորվել են այն, ինչ ներկայացված է համանախագահների հայտարարության մեջ, որ կարող էր լինել հնգակողմ, բայց Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել համաձայնությունը և այն դարձավ եռակողմ»: Ստացվում է, որ Հայաստանը Վիեննայում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, իսկ Ադրբեջանը հրաժարվել է:

 

Ամփոփիչ փաստաթուղթը հայտնի է, և նրա հիմքով, ըստ նախագահ Ալիևի, ձևավորվել է «վստահություն Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման լուրջ բանակցությունների շուտով սկսվելու մասին»: Տիկին Թարիվերդիևան հաստատում է. «Հայաստանի ԱԳ նախարարը հստակ հասկացրեց, որ ոչ մոնիտորինգի մեխանիզմներին, ոչ Անջեյ Կասպրչիկի լիազորությունների ընդլայնմանը Ադրբեջանը համաձայնություն չի տվել, ինչպես և հայտարարել է ադրբեջանական կողմը ամենասկզբից»: Ո՞վ կարող է գլուխ հանել դատողությունների այս տրամաբանությունից:

 

Եթե Բաքուն իրոք հրաժարվել է ինչ-որ իրավական պատասխանատվություն ստանձնելուց Վիեննայի հայտարարությունների արդյունքներով, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մակարդակով ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: Եթե Բաքուն գնում է բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական գործերով պետնախարար Արլեմ Դեզիրի համատեղ հայտարարության պայմաններով, ինչո՞վ բացատրել բացահայտ քաղաքական բլեֆի այս քաղաքականությունը:

 

Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ բանակցային գործընթացի գաղտնիությունը կամ կիսագաղտնիությունն ինքն է դառնում կոնֆլիկտի կողմերի քաղաքական ու տեղեկատվական պայքարի աղբյուր: Պատահական չէ, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա բրիֆինգում Բաքվին ու Երևանին կոչ արեց «հեռանալ առճակատման քաղաքականությունից, առճակատման փորձերից, իրավիճակի վատացումից»:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպելու են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, հունիսի 2-ին Փարիզում Հաաստանի ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Նա հայտարարեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան կարգավորման բանակցությունների վերսկսկումը հնարավոր է այն պայմանների կատարման դեպքում, որոնք բարձրաձայնվել են Վիեննայում երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ»: Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը, իբրև ԵԱՀԿ նախագահող երկրի ներկայացուցիչ, նշեց, որ Բեռլինը մտադիր է «հատուկ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման գործում»՝ չմեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հունիսին հնարավոր հանդիպման հարցը: Ու ընդհանրապես՝ լինելո՞ւ է այդ հանդիպումը: