Այդպիսինին, եթե, իհարկե, մեղադրանքը դատարանում հաստատվի, պետք է ուղղակի փակել, մեկուսացնել հասարակությունից որպես այդ նույն հասարակության համար վտանգավոր անձի: Անկեղծ ասած, դժվար է հավատալ, թե նմանները թեկուզ պատժից հետո կուղղվեն: Այժմ հանցագործության համար ամբաստանվող զինծառայողը եթե Քրեական օրենսգրքով պատժելի այդ արարքը ծառայության ընթացքում թույլ չտար, ապա գրեթե կասկած չկա, որ այդ կամ քր. օր.-ով դարձյալ պատժելի մեկ այլ արարք թույլ կտար ծառայությունից հետո:

 

 

Ինչպես պարզվել է քր. գործի նախաքննությամբ, Արմեն Իսրայելյանը հանդիսանալով թիվ Ն զորամասի զինծառայող, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, պահանջները, բռնություն է գործադրել համածառայակից Է. Մելքումյանի նկատմամբ, ինչ արդյունքում շարքային Մելքումյանն ինքնասպան է եղել:
Բացի վերը նշվածից, համաձայն քր. գործի նյութերի, Ա. Իսրայելյանը վիրավորանք է հասցրել մեկ այլ զինծառայողի'անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը: Ավելին. մարտական դիքում նշանակված լինելով մարտական հերթապահության, Ա. Իսրայելյանը, ըստ մեղադրական եզրակացության, առաջնագծից ինքակամ գնացել է կացարան, ինչի հետևանքով մարտական դիրքի հաշվարկը և սահմանը մնացել են առանց բավարար հսկողության:

 

 

Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև զինծառայող Հրաչյա Մովսեսյանին այն բանի համար, որ նա հանդիսանալով նույն զորամասի զինծառայող, դիրքի ավագ, կատարել է գործողություններ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ'շարքային Ա. Իսրայելյանի կողմից շարքային Մելքումյանի նկատմամբ պարբերաբար դրսևորած հալածանքի հետևանքով վերջինս ինքնասպան է եղել:

 

 

Սույն գործով մյուս մեղադրյալը նույն զորամասի զինծառայող Նարեկ Այվազյանն է: Համաձայն քր. գործի նյութերի, նա խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, վիճաբանել է Արմեն Իսրայելյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ:

 

 

Վերը նշված արարքների համար Արմեն Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի («Զինծառայողին վիրավորանք հասցնելը») 1-ին մասի, 359-րդ հոդվածի («Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում») 1-ին և 3-րդ մասերի, 365-րդ հոդվածի («Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը») 1-ին մասի, Հրաչյա Մովսեսյանին' 376-րդ հոդվածի («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ») 2-րդ մասի, Նարեկ Այվազյանին' 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Արմեն Իսրայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: