Հունիսի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվության ծառայությունից:

 

Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված գերատեսչական մի շարք կառույցների ներկայացուցիչներ:

 

Նախքան օրակարգային հարցերին անցնելը' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և այդ խորապատկերում կարևորել է ՀՀ կառավարության հունիսի 2-ի նիստում ընդունված որոշումը, ըստ որի' կամավորական ջոկատների կազմում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած անձանց սոցիալական երաշխիքները կհավասարեցվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին:

 

Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգի սահմանված կարգով հաստատված դրույթներն ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:

 

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հաստատել է մարտական գործողությունների մասնակից հայրենիքի մի շարք պաշտպաններին մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի շնորհման դիմումները: