ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

 

-Պարոն Հարությունյան, երեկ Արցախում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կողմնակիցները նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել՝ Բակո Սահակյանից պահանջելով Բաբայանին նշանակել Պաշտպանության բանակի հրամանատար։ Դուք ինչպե՞ս եք դրան վերաբերվում։


-Ինքնորոշված Արցախի իշխանությունները պարտավոր են հաշվի նստել ժողովրդի կամքի հետ, հակառակ դեպքում՝ դա քաղաքական ինքնասպանության ամենակարճ ճանապարհն է։ Ի վերջո, Արցախի ժողովուրդը համաշխարհային մակարդակով ցույց է տվել, որ կարող է տեր կանգնել իր ինքնորոշմանը։ Ես հույս ունեմ, որ Արցախի իշխանությունները այդ ամենը հաշվի կառնեն, որովհետև դա ժողովրդի ցանկությունն է։ Ժողովուրդը երբ հավաքվել էր Արցախի նախագահականի առջև, երևում էր, որ դա ինքնաբուխ էր։ Եթե ապրիլյան պատերազմը չլիներ, միգուցե այդ ձևով չընկալվեր, բայց հիմա ակնհայտ է, որ ցանկացած արցախցու համար իր անվտանգությունն ավելի կարևոր է։ Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովել մարտունակ և կարգապահ բանակը, իսկ իրենք համոզված են, որ Սամվել Բաբայանի պարագայում դա հինմնավոր է։ նա մեծ դերակատարում է ունեցել Արցախյան պատերազմի հաղթանակի գործում, նա այն մարդկանցից է, ով ունի բնատուր խելք։ Սամվել Բաբայանն օժտված է այն բնատուր հատկություններով, որոնք այսօր հարկավոր են Արցախին։

 

-Այսինքն՝ ի՞նչ պետք է փոխի Սամվել Բաբայանը Արցախում կամ ի՞նչ պետք է անի, որ մինչ այսօր չի արվել։


-Առաջին հերթին ժողովրդի ոգևորությունը շատ կարևոր է. «Կոնֆուցիոսն ասում էր՝ երկիրը կառավարելու համար երեք բան է պետք՝ հաց, սպառազինություն և հավատ։ Մենք տեսանք, որ սպառազինության հետ կապված խնդիր ունենք, հացի հետ կապված Ղարաբաղում սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց գոնե հավատի պահով պետք է ապահովվի։ Ես համոզված եմ, որ Սամվել Բաբայանն այդ հավատը ներշնչելու է ժողովրդին։ Սպառազինության պահով էլ ասեմ, շատ կարևոր է, որ լինի մարդ, ով հլու հնազանդ չէ, հանուն ազգային շահի կարող է պայքարել։ Սամվել Բաբայանն այդ իմաստով շատ ավելի կարող ուժ է, պահանջատեր է լինելու բանակն ամեն ինչով ապահովելու գործում։ Նա այն նախարարը չի լինելու, որի հետ ինչպես ուզեն՝ վարվեն։ Համոզված եմ՝ նա չի լռելու։ Այսօր, երբ Արցախի վրա պատերազմի վտանգը կախված է, նման մարդ է պետք, ում կհավատան։ Քառօրյա պատերազմը բոլորի աչքերը բացել է և հասկացել են, որ միայն համախմբված Արցախը կարող է այդ ամեն ինչին դիմանալ։ Իսկ համախմբում լինում է գաղափարի շուրջ։

 

-Այս պարագայում ինչպե՞ս կվարվեն Արցախի իշխանությունները։


-Հույս ունեմ, որ Արցախի իշխանությունները խելամիտ կգտնվեն և «Սամվել Բաբայանի» գործոնը հաշվի կառնեն։ Սամվել Բաբայանն այն ժամանակ այնպիսի դիրքերում էր, որ կարող էր պաշտոնից չհեռանալ, բայց ինքը համարեց, որ կարող է հանգիստ թողնել գնալ՝ պատերազմն ավարտված էր։ Արցախի իշխանությունները, եթե մտահոգված են Արցախի ապագայով, պետք է Սամվել Բաբայանին նշանակեն Պաշտպանության բանակի հրամանատար։ Այստեղ քաղաքական խնդիր չէ՝ անվտանգության խնդիր է։

 

Քրիստինա Աղալարյան