Կան նախատեսված մեխանիզմներ, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վիճարկի ընտրությունների արդյունքները, ապա մեր օրենսդրությունը պարունակում է դրա վերաբերյալ լուծումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ առաջնորդ, նախագահի թկենածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը' անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ, նախագահի մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր արած հայտարարությանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի' Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկին' արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ապա Դավիթ Հարությունյանն ասաց, որ դրանք տեղի են ունենում Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում, ամեն ինչ շատ պարզ է: «Այստեղ եւս ավելացնելու բան չունեմ»,- նշեց նա:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի' Սերժ Սարգսյանի հետ անձամբ հանդիպելու կոչին' շտաբի պետի տեղակալը նշեց, որ կարծում է եւ համոզված է, որ չի հանդիպի Սերժ Սարգսյանը: «Այն ձեւով, որով հարցադրումը ներկայացրել է պարոն Հովհաննիսյանը, կարծում եմ, որ ոչ, համոզված եմ, որ ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը' ի պատասխան մեր հարցին, թե կհանդիպի Սերժ սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, թե' ոչ:
Նշենք, որ Ազատության հրապարակում բաց երկնքի տակ մամուլի ասուլիսում Հայաստանի նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը փաստացի վերջնագիր է ներկայացրել գործող իշխանություններին: Նա առաջարկել է մինչեւ վաղը ժամը 17-ը, երբ Ազատության հրապարակում մեկնարկելու է հանրահավաքը, ցանկացած ձեւաչափով հանդիպել գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանության հանձնման հարցը, քանի որ «ժողովուրդը երեկ տոնել է իր հաղթանակը 80-ը 20-ի հարաբերակցությամբ»:
Հիշեցնենք, որ ԿԸՀ պաշտոնական տվյալներով, 1988 տեղամասերի քվեաթերթիկների հաշվման արդյունքում, Սերժ Սարգսյանը հավաքել էր 58,64 տոկոսը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը 36,75 տոկոս: Քվեարկության մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18 տոկոսը: