Այն, որ մեր երկրի բոլոր դժբախտությունների մի ահռելի մասը սկիզբ է առնում ու իր շարունակությունը ստանում բացառապես Հայաստանում հարկային դաշտի աղաղակող թերությունների, ոլորտին առնչվող ու օր առաջ իրենց լուծմանը սպասող պրոբլեմների բացիթողի վիճակում գտնվելու հետևանքով, առանձնապես նորություն չէ. Հայաստանում օրեցօր թափ հավաքող արտագաղթը, խորացող աղքատությունը, փակվող ձեռնարկություններն ասվածի վառ ապացույցն են:

 

Պարզվում է՝ միայն 2015 թվականի ընթացքում մեր երկրում իրենց գործունեությունը դադարեցրել են 10029 ձեռնարկություն, իսկ դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հատկապես վերջին շրջանում սկսել է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Ակնհայտ է՝ բոլոր վերոհիշյալ խնդիրներն անմիջականորեն կապված են հարկային դաշտի անկատարելության հետ, իսկ նոր Հարկային օրենսգիօրքն էլ միայն խորացնելու է այն ամեն բացասականը, որ կա մեր երկրում:

 

Պարզվում է, սակայն, մեր երկրի Կառավարությունը, հակառակ բացասական սպասումներին ու անհույս թվացող իրավիճակին, վերջապես «գտել» է բյուջե լցնելու՝ երկար սպասված բանաձևն ու ձեռնամուխ է եղել պետական կառույցներից թվով 383 ավտոմեքենա հետ վերցնելուն ու դրանք Պետական գույքի կառավարման վարչությանը ամրացնելուն' հետագայում դրանք վաճառելու նպատակով:


Փաստորեն աբրահամյանական միջոցառումների թագն ու պսակը դարձած պետական մեքենաների կրճատումների բուն պատճառն այլևս հայտնի է. ոչ միայն «հարամ անել» չինովնիկների շքեղ կյանքն ու ստիպել նրանց նյարդայնանալ,այլև լրացնել տասնամյակների այն բացը, որի պատճառով երկիրը հայտնվել է կործանման եզրին: Լա՛վ, ենթադրենք՝ այդ 383-ն էլ վաճառեցին ու գումարը մուտքագրեցին բյուջե, ի՞նչ է դրանից փոխվելու: Արտագաղթածնե՞րն են հետ դառնալու, թե՞ կրճատված տասնյակհազարավոր ձեռնարկություններն են երկրորդ շնչառություն ստանալու՝ առաջացնելով աշխատատեղերի ավելցուկ: Պարզ է, չէ՞, որ հոգեվարքի մեջ գտնվող մարդուն բնորոշ այս քայլերը ոչ մի էական ազդցություն չեն կարող թողնել ո՛չ բյուջեի վրա, ո՛չ էլ՝ հասարակ մարդկանց:


Բնակչության զբաղվածությանը վերաբերող հարցերի լուծման համար քաղաքակիրթ աշխարհը վաղուց մշակել ու կյանքի է կոչում մի շատ պարզ ու հետաքրքրիր բանաձև. պետությունը պարզապես փորձում է չխանգարել այն մարդուն, ով ցանկանում է ինքնադրսևորվել, ինքնառեալիզացվել ու գործ սկսել սեփական հայրենիքում, այնտեղ հարկայինից չեն գալիս ու մարդկանց «բկներին չեն չոքում», այլ թողնում են, որպեսզի պտուղն հասունանա, ու միայն դրանից հետո են մոտենում ծառին:


Իսկ ինչո՞վ են զբաղված կառավարությունում. մեքենաների առուծախով, այն մեքենաների, որոնց առկայությունն իսկ նոնսենս է. ո՞վ էր տեսել՝ չքավոր երկրում այդքան մեծ թվով պետական մեքենաների առկայություն:Լա՛վ, թուրքն էր ու պատերազմ չէր անում, հետաքրքիր է, այդպես էլ ուշքի չէի՞ն գալու, չէի՞ն հասկանալու, որ այս տեմպերով շարունակելու դեպքում կործանումն անխուսափելի է դառնալու, չէի՞ն մտածում, որ մարդկանց ապօրինաբար զրկելով Հայաստանում աշխատանքային գործունեութուն ծավալելուց՝ սասանում են երկրի հիմքն ու ուրախացնում թշնամուն…


Համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում, թերևս, ավելորդ լավատեսություն կլիներ, եթե կարծեինք, թե առաջիկա տարիներին Հայաստանում կարող են գործարկվել գործարաններ, բացվել խոշոր արտադրություններ. ժամանակակից աշխարհում բնակչության զբաղվածության խնդիրը լուծվում է մարդկանց անհատ ձեռներեցությամբ զբաղվելուն նպաստելով, պատշաճ հարկային դաշտ ապահովելով, այլ ոչ թե եղածն էլ քանդելով ու այնպիսի օրենքներ ընդունելով, որ մարդ չի կարողանում հասկանալ՝ սրանք միտումնավո՞ր են երկիրը կործանում, թե՞ պատահաբար…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ