Al Jazeera միջազգային հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը, ով այս օրերին պապական այցով գտնվում է, իր իսկ բնորոշմամբ, աշխարհի առաջին քրիստոնեական երկրում՝ Հայաստանում, կոչ է արել Հայաստանին ու Թուրքիային մի կողմ դնել տարաձայնություններն ու ջանքեր գործադրել խաղաղության հասնելու համար: Հռոմի պապն այս մասին ասել է Երևանում կայացած միջեկեղեցական աղոթքի ժամանակ: 

 

«Թող Աստված օրհնի ձեր ապագան և Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդներին հաշտության ուղու վրա կանգնեցնի: Եվ թող խաղաղություն հաստատվի նաև Լեռնային Ղարաբաղում»,-ասել է պոնտիֆիկոսը:

 

Դիմելով երիտասարդ սերնդին՝ Ֆրանցիսկոսն ասել է. «Սիրելի՛ երիտասարդներ, այս ապագան ձեզ է պատկանում. Ձեր մեծերի իմաստությունն ամբարելով՝ խաղաղարարներ դառնալու հնարավորությունն եք ունենում, ոչ թե ստատուս-քվոյի նոտարներ, այլ հանդիպման և հաշտության մշակույթի դրական գործիչներ: Աստված օրհնի ձեր ապագան և պարգևի, որ հայ և թուրք ժողովուրդների հաշտության ուղին կրկին ձեռք առնվի, և խաղաղությունը տիրի Ղարաբաղում»։

 

Արաբական աղբյուրը նկատում է, որ Հռոմի Սրբազան Քահանայապետի այս խոսքերից հետո բոլոր հավաքվածները բարձր ծափահարել են:

 

Այնուհետև Al Jazeera-ն հիշեցնում է, որ ավելի վաղ Պապն ի լուր աշխարհի հայտարարել է, որ հայերը 20-րդ դարում ցեղասպանության ենթարկված առաջին ժողովուրդն են: