Ինչպես հայտնի է, օրերս իսկական արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում, ուր սելավատարի փլուզման հետևանքով գետը տակնուվրա էր արել տներ, անասնագոմեր, որին զոհ էին գնացել հսկայական թվով անասուններ:

 

Արթիկը, որն ամենաշատն էր տուժել այս ամենից, հայտնվել էր վարչապետի ուշադրության կենտրոնում, ուր և շտապել էր վերջինս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Պարզվում է, սակայն, որ որոշ տեղական չինովնիկների, բայց հատկապես Արթիկի համայնքի ղեկավարի դարդուցավը ոչ թե եղել է ինչպես հարկն է վարչապետին իրավիճակի մասին իրազեկելը, այլ ստեղծված իրավիճակից օգտվելն ու սեփական անձի «PR»-ը «Facebook»-յան անծայրածիր տիրույթում կազմակերպելը. Արսեն Աբրահամյանը՝ Արթիկի քաղաքապետը, խոշորագույն սոցիալական ցանցում սկսել է գովազդել ինքն իրեն՝ փորձելով լուսանկարների միջոցով հանրությանը ցույց տալ, թե ինչպես է ինքն աշխատել Արթիկում տարերային աղետի հետևանքները վերացնելու ժամանակ:


Ցանկացած բանական մարդու մոտ այդ ինքնատիպ գովազդային արշավը կարող է առաջացնել հարցեր, որոնց տրամաբանական պատասխաններ գտնելը, խոստովանենք, այնքան էլ հեշտ չի լինի:Լա՛վ, մի՞թե Աբրահամյանին, իրոք, թվում է, որ այս նեղ-մաջալին, երբ ջուրը քշում-տանում է քաղաքը, մարդկանց դարդուցավը հենց իր «իմիջն» է կամ անձի անհաջող գովազդը: Մի՞թե կարծում է, թե լուսանկարներ հրապարակելով է որոշվում այն հարցը, թե իր աշխատանքը բավարար մակարդակի վրա՞ է, թե՞ հակառակը: Սա էլ չլինի Ս.Ալեքսանյանի՝ արցախյան թեժ պատերզամին հաջորդած օրերին սահմանին կատարած «սելֆին» ու մյուս լուսանկարները, երբ բավական անհաջոց կերպով փորձ էր արվում հանրությանը ցույց տալ, թե խիստ հայրենասեր մեկն է ու քնում-արթնանում է՝ ազգաբնակչության աղքատ խավերի դարդուցավը մտքին:

 

Հիմա էլ, փաստորեն, երևում է՝ Արսեն Աբրահամյանն է որոշել ինքնահաստատվել «Facebook»-ի միջոցով ու սեփական լուսանկարներն է փորձում մասսայականացնել: Եթե աշխատող կադր է, եթե մեկն է, ում՝ պետական բյուջեից վճարվող աշխատավարձը արդարացված է, ապա դրա մասին այսպես թե այնպես կիմանան, իսկ եթե զբաղեցրած պաշտոնին նայում է «մատների արանքով», ապա վստա՛հ կարող է լինել՝ ոչ մի լուսանկար ի զորու չէ՝ փրկելու նրա աղավաղված կերպարը ժողովրդի աչքում:

 

Այնպես որ, խորհուրդ բոլոր հայ պաշտոնյաներին՝ շատ մի՛ տարվեք ինքնանկարներով ու սոցիալական ցանցերում զանազան լուսանկարներ հրապարակելով. այդ ամենից օգուտ չկա: Դրա փոխարեն ավելի լավ է կատարելագործե՛ք սեփական մասնագիտական ունակություններն ու գործին մոտեցե՛ք բարեխղճորեն. դա է լինելու ձեր վաղվա օրվա առհավատչյան, այլ ոչ թե տեսախցիկների կամ ֆոտոխցիկների առաջ սեփական ատամնաշարը ցուցադրելը…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ