Այսօր Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծի քննարկման ժամանակ Հերմինե Նաղդալյանը փոխխոսնակի արտահերթ ելույթի իրավունքով ասաց, որ ինքն իր մի խումբ ընկերների հետ բացակայել է Հայաստանից և ԱԺ դահլիճում ընթացող գործընթացների մասին տեղեկությունները ստացել է դրսում, և իր վրա տարօրինակ տպավորություն է թողել երեկվա նիստը.
«Մենք այսօր իրար համար դարձել ենք անբանակցելի և իրար հետ խոսելու, ինչ-որ բան պայմանավորելու ընդունակությունը կորցրած, որովհետև երեկվա ձեռք բերված պայմանավորվածություններն այսօր չեն աշխատում: Չի աշխատում 102 ձայնով քվեարկված օրենսգիրքը, չեն աշխատում քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության պայմանավորված գործընթացները, դա տարօրինակ է, հավատացեք: Մի հատ կողքից նայեք, ամեն հարց քննարկելու ժամանակ մենք սկսում ենք ոչ թե հարցի բովանդակային կողմից, այլ սկսում ենք զրոյական վիճակից, կարծես աշխարհը նոր է ստեղծվել, և մենք նոր ենք այս գործընթացները սկսել: Մազոխիզմը մի քիչ էլ պակաս էր ասված, քան թե այս իրավիճակն է»,-ասաց Նաղդալյանը և հավելեց.
«Մեզ հասարակություն է նայում, մեզ ժողովուրդն է նայում, չեն հասկանում մեզ, ասում են'բա ի՞նչ եք բանակցել իրար հետ: 5 հարցից 4-ի վերաբերյալ բացարձակ համաձայնության ենք հասել, իսկ մյուս հարցը' ռեյթինգայինը, որը չի լուծվի, և որը մահացու է շատերի համար, ու դրա համար է գնում այս պատերազմը»:
Փոխխոսնակը կոչ արեց գործընկերներին՝ հասարակության համար դադարեն տարօրինակ և անհասկանալի լինել. «եկեք մի քիչ պարզ, հասկանալի ու կանխատեսելի լինենք»: