Աշխարհը շարունակում է շնչել ու արտաշնչել ֆուտբոլի ռիթմին համահունչ՝ շունչը պահած հետևելով Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի՝ ինտրիգներով ու անակնկալներով լի ֆուտբոլի մրցաշարին:

 

Այն, որ այս տարվա Եվրոպայի առաջնությունն իրոք լեցուն էր անակնկալներով, կարծես ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այլևս. այն թիմերը, որոնք ավանդաբար թույլ հավաքականի համարում ունեին ու ֆուտբոլի պատմության մեջ երբեք ֆավորիտ չեն համարվել, այս տարի ապացուցեցին՝ աշխարհում թույլ հավաքականներ գրեթե չեն մնացել, իսկ ավանդաբար ֆավորիտ համարվող թիմերն էլ այլևս խիստ երերուն են դարձել իրենց այդ կարգավիճակում:

 

Ինչպես հայտնի է, հունիսի 27-ին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած Անգլիա-Իսլանդիա հանդիպումը բոլորի համար անակնկալ ավարտ ունեցավ, ու 2:1 հաշվով հաղթող հռչակվեց Իսլանդիան՝ կոտրելով տասնամյակներով ֆուտբոլում արմատացած կարծրատիպերը. սա կատարյալ ողբերգություն էր թե՛ Անգլիայի հավաքականի ու նրա մարզչի, թե անգլիական ֆուտբոլի երկրպագուների համար, որոնց քանակը, ի դեպ, բավական մեծ է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Իսլանդիան, որ նորեկ է Եվրոպայի առաջնությունում, իսկական պատուհասի է վերածվել շատ ու շատ երկրների հավաքականների գլխին, որոնք, բախվելով այս թիմի կատաղի դիմադրությանը, ստիպված են լինում սեփական մաշկի վրա զգալ պարտված լինելու տհաճությունն ու կախել գլուխները:

 

Ինչպես հայտնի է, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն արդեն իսկ հայտարարել է,որ պատրաստվում է հրաժարական տալ իր պաշտոնից՝ իր թիմի պարտության ողջ պատասխանատվությունն առնելով իր ուսերին ու հենց իրեն համարելով Անգլիայի հավաքականի կրած ֆիասկոյի բուն պատճառը. ի դեպ՝ միանգամայն գովելի վարքագիծ՝ Հոջսոնի կողմից. մարդն ունի այնքան համարձակություն ու թասիբ, որ չի խորշում սեփական մեղքը խոստովանելուց ու պատվով հեռանալուց, ինչը, ավա՜ղ, չես կարող ասել հայկական ֆուտբոլի պարագայում, ուր ղեկավարման միանգամայն այլ ավանդույթներ ու ներքին բարքեր են տիրում:


Այստեղ գործում է Ռուբեն Հայրապետյանի անսխալականության սկզբունքն ու այն հատատ համոզումը, որ նա ոչնչում, առավել ևս՝ մեր ազգային հավաքականի բազում պարտություններում ու անհաջողություններում որևիցե մեղք չունի ու չի էլ կարող ունենալ, չէ՞ որ նա ֆեդերացիայի նախագահ է, մեկը, ում որոշումները չեն կարող քննարկվել: Նա միշտ ճիշտ է, իսկ մեր անհամար պարտությունների մեղավորները բացառապես ֆուտբոլիստներն են, բայց ոչ երբեք նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում Հայաստանում այս սպորտաձևի զարգացման համար:

 

Ինչո՞ւ, ինչո՞ւ է մեզ մոտ ամեն բան ճիշտ հակառակ տրամաբանությամբ գործում, ինչո՞ւ մեզ մոտ էլ ներդրված չեն այն կարևորագույն մեխանիզմները, որոնք թույլ կտային գոնե բարոյական պատասխանատվության ենթարկել նրանց, ում անհետևողական աշխատելաոճի պատճառով ոլորտներ են տուժում, զրոյանում մարդկանց ողջ ճիգուջանքը…


Անհերքելի է՝ արևմտյան աշխարհը կարողացել է նման բարձունքների հասնել ընդամենը մեկ պարզ սկզբունքի շնորհիվ. լավ աշխատանքի դիմաց՝ պարգևատրում, վատի դիմաց՝ պատիժ, ինչից, ցավոք, մենք դեռևս մղոններով հետու ենք, սկզբունք, որն այդպես էլ չենք կարողանում մինչև վերջ սեփականացնել. արդյունքը բոլորիս աչքի առաջ է…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ