Թուրքիայի ծնած հրեշն ելավ իր իսկ դեմ…

Երեկ երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում կատարված խոշոր ահաբեկչությունը, որի հետևանքով առնվազն 36 հոգի զոհվել և 147-ն էլ վիրավորվել է, դատելով ամենից, դեռ միայն սկիզբն է իրադարձությունների այն շղթայի, որոնք Թուրքիայի համար վերածվում են իսկական մղձավանջի:

 

Ահաբեկչությունն իրականացրած երեք մահապարտները, ինչպես արդեն հայտնի է, նախ կրակ են բացել օդանավակայանում գտնվող անձանց վրա, ապա պայթեցրել են իրենց: Օդանավակայանը շուրջ 5 ժամ փակվել է բոլոր տեսակի թռիչքների համար: Արգելափակվել է նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհների երթևեկությունը: Օդանավակայան ժամանած վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել է լրագրողներն, որ ահաբեկչության իրականացման պատասխանատուն, իրենց ունեցած նախնական տվյալներով, ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպությունն է:

 

Հիմա այլևս կասկած չկա, որ Թուրքիայի վարչապետը նշել է ահաբեկչության ճիշտ հեղինակին, ընդ որում, ոչ միայն այն առումով, որ Թուրքիայում եթե ոչ ընդհանրապես, ապա, համենայն դեպս, վերջին տարիներին իր նախադեպը չունեցող նման խոշոր ահաբեկչություն նախապատրաստելու և իրականացնելու առավել մեծ հնարավորություն ուներ հենց «Իսլամական պետությունը»:

 

Որպեսզի հասկանանք Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչության պատճառները, պետք է մի փոքր հետ գնանք: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ու նրա վարչակարգը Միացյալ Նահանգների խրախուսմամբ, նրա աջակցությունն ու հովանավորությունը վայելելով տապալել փորձող Թուրքիան վերջապես հասկացավ, որ Սիրիայում պատերազմը տանուլ է տալիս: Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացավ, որ Սիրիայի բանակին ծնկի բերել չի հաջողվում ու չի հաջողվելու, քանի որ այն ունի Ռուսաստանի պես հզոր տերության զինված ուժերի գործնական աջակցությունը, պատերազմին ՌԴ օդատիեզերական ուժերի արդյունավետ մասնակցությունը փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել: Այս ամենը Թուրքիայի համար այլևս անիմաստ դարձրեց «Իսլամական պետությունը» ֆինանսական, զինական և այլ առումներով օգնելը:

 

Ավելին' այդ օգնությունը Թուրքիայի համար խիստ վտանգավոր էր, քանի որ գնալով իր դեմ էր գրգռում Ռուսաստանին: Ընդ որում, ոչ միայն քաղաքական հռետորաբանության, հայտարարությունների, տեղեկատվական պատերազմի, այլև Սիրիայում և Իրաքում ընթացող ռազմական գործընթացների, ներառյալ Ռուսաստանի կողմից քրդերին զինելու առումով, որը ոչ հեռավոր ապագայում սպառնում էր հանգեցնել Թուրքիայի մասնատման (ընդամենը վերջերս էր, որ քրդերն իրենց ստացած դյուրակիր զենիթահրթիռային համալիրով թուրք-սիրական սահմանի մոտ ոչնչացրեցին Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկշարժիչանի ուղղաթիռը' Թուրքիային շատ պարզորոշ հասկացնելով, որ դա դեռ միայն սկիզբն է):

 

Մյուս կողմից' Սիրիայում ռուսական «Սու 24» ինքնաթիռը խոցելուց հետո Ռուսաստանի կիրառած պատժամիջոցները Թուրքիայի տնտեսության վիճակը գնալով վատացնում են, ինչը, բնականաբար, մեծացնում է Էրդողանի ու նրա քաղաքական թիմի նկատմամբ այդ պետության բնակչության մեծ մասի դժգոհությունը: Ամառային հանգստի սեզոնն արդեն մեկ ամիս է, սկսվել է, սակայն Անթալիայի և Թուրքիայի զբոսաշրջային այլ քաղաքների հյուրանոցները, այնտեղից հասնող տեղեկությունների համաձայն, կիսով չափ և ավելի դատարկ են: Սա ահռելի հարված է Թուրքիայի տնտեսությանը, քանի որ այդ պետություն մուտք գործող գումարների մի հսկայական մասը ստացվում է զբոսաշրջության ոլորտից: Սառեցված են նաև Թուրքիայում Ռուսաստանի ներդրումային բոլոր ծրագրերը, որոնք այդ պետության համար բավական խոստումնալից էին, և որոնց հետ Թուրքիայի ղեկավարությունը բավական մեծ հույսեր էր կապում:

 

Իրավիճակը Էրդողանի համար մեկ այլ առումով էլ է խիստ վտանգավոր. երկրի տնտեսության ու բնակչության սոցիալական վիճակի շարունակական վատացումը ու դրանից բխող բնակչության հարաճուն դժգոհությունը պարարտ հող են ռազմական հեղաշրջման միջոցով նրան տապալելու համար:

 

Վերը նշվածը շատ լավ գիտակցում է նաև Էրդողանը: Եվ, ահա, հենց այս ամենով է պայմանավորված, որ Թուրքիայի նախագահը, չնայած իր և իր թիմակիցների կողմից նախկինում արված հայտարարություններին, հրապարակային հավաստումներին, թե Թուրքիան ռուսական ինքնաթիռը խոցելու համար երբեք ներողություն չի խնդրի Ռուսաստանից ու չի փոխհատուցի նրան պատճառած վնասը, 2 օր առաջ ստիպված է եղել Վլադիմիր Պուտինին ուղղված իր նամակում ներողություն խնդրել նրանից ռուսական ինքնաթիռի կործանման և օդաչուի մահվան համար, ինչպես նաև հայտնել իրավիճակի կարգավորման պատրաստակամության մասին: ՌԴ նախագահին ուղղված ուղերձում նշված է նաև, որ Ռուսաստանը Թուրքիայի ընկերն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա վատացնել հարաբերությունները:

«Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռ»,- Թուրքիային բնորոշ կեղծավորությամբ նշել է Էրդողանը, որն իր նամակում գրել է նաև.

 

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ խորապես ցավակցել զոհված ռուս օդաչուի ընտանիքին և ասում եմ՝ կներեք: Ամբողջ սրտով կիսում եմ նրանց ցավը: Ռուս օդաչուի ընտանիքին մենք ընկալում ենք որպես թուրք ընտանիք: Հանուն ցավի թեթևացման և հասցված վնասի ծանրության՝ պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության»:

 

Գրեթե միաժամանակ' Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային խոցված «Սու-24» ռմբակոծիչի համար: Ինչպես հայտնի է, երկկողմ հարաբերությունների նորմալացման համար ռուսական իշխանություններն ավելի վաղ պարտադիր նախապայման էին համարել, որ Անկարան ոչ միայն ներողություն խնդրի Ռուսաստանից, այլև փոխհատուցի պատճառած վնասը։

 

«Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք խոցված ինքնաթիռի համար: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,-TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յըլդըրըմը:

 

ՌԴ նախագահին ուղղած իր նամակում Էրդողանը նաև սիրաշահել ու շահագրգռել է նրան' հիշեցնելով տարածաշրջանային համագործակցության իրենց հնարավորությունների մասին, հետագայում էլ ասել, որ Թուրքիայի և ՌԴ-ի միջև հարաբերությունների կարգավորումը երկու երկրների շահերից է բխում։

 

Էրդողանի նամակում, սակայն, կա մի խոստում, հավաստում, որը ներողություն խնդրելուց ու վնասի փոխհատուցումից էլ կարևոր է, բայց բոլորը չէ, որ նկատում են այն, քանի որ կենտրոնացել են ներողության ու փոխհատուցման հանգամանքի վրա:


Էրդողանը նամակում խորը ափսոսանք է հայտնելով տեղի ունեցածի առնչությամբ և ընդգծելով իր պատրաստակամությունը՝ անել հնարավոր ամեն ինչ՝ Թուրքիայի և Ռուսաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները վերականգնելու համար, միաժամանակ Թուրքիայի պատրաստակամությունն է հայտնել համատեղ արձագանքել տարածաշրջանի ճգնաժամային իրադարձություններին, պայքարել ահաբեկչության դեմ: Ավելին. Էրդողանի նախաձեռնությամբ այսօր կայացած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա հուլիսի 1-ին Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ, որի ժամանակ քննարկվելու է նաև տարածաշրջանի իրադրությունը՝ սիրիական կարգավորման շեշտադրմամբ:

 

Էրդողանին լիովին հասկանալի է, որ Ռուսաստանը չի բավարարվի սոսկ իր ներողությամբ ու փոխհատուցում ստանալով, և որ հարաբերությունների իրական բարելավման համար անհրաժեշտ է նաև հրաժարվել «Իսլամական պետությանը» և ահաբեկչական մյուս կազմակերպություններին աջակցելուց, ինչպես նաև Սիրիայում Բաշար ալ-Ասադին ու նրա վարչակարգը տապալելուն նպատակաուղղված բոլոր գործողություններին անմիջականորեն մասնակցելուց: Եվ հենց սա հասկանալու արտահայտությունն է այն փաստը, որ Թուրքիայի զինված ուժերը երեկ կամ Էրդողանի նամակից գրեթե անմիջապես հետո «Fırtına» հաուբիցներով հարվածել են «Իսլամական պետության» օբյեկտներին, պատճառել նաև մարդկային կորուստներ:

 

«Իսլամական պետության» արձագանքն իր նկատմամբ Թուրքիայի քաղաքականության այս փոփոխությանը չուշացավ: Հենց երեկ Ստամբուլի ամենամարդաշատ և Թուրքիայի զբոսաշրջությանը հարված հասցնելու առումով առավել ճիշտ ընտրված Աթաթուրքի անվան օդանավակայանում որոտացել են կրակոցները և պայթյունները' խլելով մոտ չորս տասնյակի չափ մարդկային կյանքեր ու վիրավորելով մոտ 150 հոգու: Հիմա Թուրքիան ոչ միայն սգի, այլև ցնցակաթվածի (շոկի) մեջ է: Շատ մարդիկ հասկանում են, որ երեկ երեկոյան կատարվածը խոշոր ահաբեկչությունների դեռ միայն սկիզբն է: «Իսլամական պետությունը» չի ներելու իրենից երես թեքելու կամ իրեն դավաճանելու, ավելին' իրեն հարվածելու գնով Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու, Ռուսաստանից զբոսաշրջիկների ներհոսք ապահովելու Թուրքիայի և անձամբ Էրդողանի այս քայլը:

 

Հենց վերը նշվածի առումով միանգամայն կանխատեսելի է, որ Թուրքիայում «Իսլամական պետության» առաջիկա ահաբեկչություններն ուղղված են լինելու առավելապես օդանավակայանների, նավահանգիստների, հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների դեմ: Այսինքն' այն բոլոր այն օբյեկտների դեմ, որոնք կապված են զբոսաշրջության հետ, որպեսզի կտրեն Թուրքիայի համար հույժ եկամտաբեր ու կարևոր այդ երակը և ընդունայն դարձնեն նաև երկրի զբոսաշրջության ոլորտը ծանր վիճակից հանելուն նպատակաուղղված Էրդողանի հիշյալ քայլը:
Ավելին. այս առումով հասկանալի է նաև, որ «Իսլամական պետության» հարվածները հնարավորինս ուղղված են լինելու հենց Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների դեմ: Կարծում եմ, սա կանխելուն շատ քիչ է օգնելու ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը, որի ակտիվացման (իբր թե մինչ այդ այն կար…) անհրաժեշտության մասին իրենց այսօրվա հեռախոսազրույցում ընդգծել են Պուտինը և Էրդողանը: Թե ինչու եմ այսպես կարծում, արդեն մեկ այլ թեմա է, որին կանդրադառնամ առաջիկայում:

 

Արթուր Հովհաննիսյան