Քրեական լրահոսին հետևող մարդիկ հավանաբար կնկատեն, որ սա առաջին դեպքը չէ. Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածանքով բերման ենթարկվելու պահանջը լսելով, որոշ կանայք այնքան համարձակ կամ «դուխով» են (ոմանք գուցե «սանձարձակ» բառը համարեն տեղին) դրսևորում իրենց, որ ձեռք են բարձրացնում նույնիսկ… ոստիկանների վրա: Մտածում ես' վայ նրանց ձեռքն ընկած տղամարդկանց…

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում դատված Անահիտ Սարդարյանը 2015թ. նոյեմբերի 12-ին, ժամը 23:10-ի սահմաններում, Սիրանուշ Սիմոնյանի հետ գտնվելով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 1 հասցեի դիմաց, երթևեկելի 2-րդ գոտում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելու պահանջը չկատարելու պատճառով վիճաբանության մեջ է մտել իր ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ոստիկան Անդրանիկ Գրիգորյանի հետ: Ըստ մեղադրական եզրակացության, Ա. Սարդարյանն իջել է նշված ավտոմեքենայից, մոտեցել Ա.Գրիգորյանին և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ' ձեռքերով հարվածել է վերջինիս դեմքին, ճանկռել դեմքի և պարանոցի հատվածները, Ա. Գրիգորյանին պատճառել մարմնական վնասվածքներ, բացի այդ, քաշքշել նրա համազգեստը, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Վերը նշված արարքի համար Անահիտ Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») 1-ին մասի հատկանիշով: