Հայկական բանակի սպա, գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական Անդրանիկ Գրիգորյանի կարծիքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում մեր հրետանին խփել է միայն դիպուկ եւ նշանակային՝ ճշգրտորեն խոցելով բոլոր անհրաժեշտ թիրախները: Ինչպես թիվ 116 մարտական դիրքում «Արմենպրես»-ին ներկայացրեց կապիտան Անդրանիկ Գրիգորյանը, Ապրիլյան մարտերում մեր հրետանու արձակած յուրաքանչյուր կրակոց դիպել է նպատակակետին, ի տարբերություն հակառակորդի արձակած անկանոն ու հախուռն կրակոցների:

«Թշնամու ամեն մի գործողություն ստացել է համարժեք եւ առավել պատասխան: Մեր կողմից արձակված ամեն մի արկ հասել է իր նպատակին, թշնամուն պատճառել նյութական ու մարդկային կորուստներ: Թշնամու զինուժը ստացել է համապատասխան պատիժ, եւ այսօրվա իր լռությունը նաեւ դրանով է պայմանավորված»-նշեց հրետանավորը: Թշնամու կողմից արձակված հրետանային կր ակի հետքերը ցույց տալով՝ Անդրանիկ Գրիգորյանը հաստատեց նրա կրակոցների աննպատակային ու անարդյունավետ լինելը:

 

«Թշնամու հրետանու կրակոցների 10 տոկոսն էլ չի հասնում իր նպատակին, իսկ այն, ինչ դիպչում է թիրախին, ապա դա ոչ այնքան ուղիղ նշանառության, որքան՝ ավելի շատ ու տեւական կրակոցների մեջ է:

 

Ապրիլի առաջին չորս օրերի ընթացքում նրանց հրետանին անդադար խփում էր մեր դիրքերին՝ վայրկյան իսկ կանգ չառնելով: Բայց այդ հրե հեղեղը ոչ մի կերպ չսասանեց մեր շարքերը: Դաշտով մեկ թափված տարատեսակ արկերի բեկորները կարող են հուշել, թե որքան աննպատակ կրակոցնե ր է արձակել թշնամու հրետանին մեր դիրքերի բոլոր կողմերում: Իզուր չի ասված, որ հրետանին պատերազմի աստվածն է, եւ մենք կարողանում ենք զորություն տալ պատերազմի այդ աստծուն: Մեր ամեն մի արկի, ամեն մի հրետանային զինատեսակի արժեքը մենք լավ գիտենք, մենք կարողացել ենք ու կկարողանանք անխախտ պահել մեր սահմանները»,-իր խոսքն ավարտեց կապիտան Անդրանիկ Գրիգորյանը:

 

Անդրանիկի ծառայության առաջին 2 տարիներն անցել են «Եղնիկներում», 3 տարին՝ Մարտակերտի սահմանամերձ դիրքում: