Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 1-ին նշում է ծննդյան 54-րդ տարեդարձը:
Նախարարին ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք նախարարին, մաղթելով առողջություն և իր երազանքների իրականացում, որոնք գերազանցապես կապված են Հայոց պետականության ու բանակի հզորացման հետ: Այսօր նաև մեկնարկում է 2016թ. ամառային զորակոչը: Մեր բոլոր նորակոչիկներին մաղթենք խաղաղ ծառայություն և հպարտ վերադարձ: Շնորհավոր, հարգելի նախարար և սիրելի զինվոր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: 1979 թվականին ավարտել է Հայկական ՍՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը և ընդունվել Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: Ուսումնարանում ուսումնառությունն ավարտելուց հետո, 1983 թվականին ուղարկվել է հետագա ծառայությունը շարունակելու Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի զորախմբում: ԽՍՀՄ զինված ուժերում զբաղեցրել է'
- մոտոհրաձգային դասակի հրամանատարի,
- մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոններ:
Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:
1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին' մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոններին:
1992 թվականի ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին:
1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում: 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ:
1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:
1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:
1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, 2000 թվականի հունվարին' ԼՂՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար:
2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
2008թ. ապրիլի 14-ին ստանձնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:
2012 թվականին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» Մասնագիտական խորհրդի հատուկ նիստի որոշմամբ՝ բանակաշինության արդի խնդիրներին նվիրված ատենախոսության համար Ս.Մ.Օհանյանին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր: