Հայաստանում կրթության ոլորտում կուտակված խնդիրներն, ինչպես հայտնի է, բազմազան են ու բազմաբնույթ. սկսած հանրակրթությունից մինչև ԳԱԱ՝ բոլոր հաստատություններն էլ թաղված են խնդիրների ու տարբեր պրոբլեմների մեջ, որոնց լուծումները գոնե տեսանելի ապագայում դժվար թե գտնվեն:


Հիմնական խնդիրներից մեկը, որ, թերևս, լայնորեն հուզում է մեր հանրությանը, վերաբերում է հատկապես կրթության որակին՝ մի խնդիր, որ երկար տարիներ բնութագրական է եղել ՀՀ կրթության ոլորտին: Մեզ մոտ ստացվել է այնպես, որ քաղաքացին, բարձրագույն կրթություն ստանալու համար վճարելով պատկառելի գումարներ, վերջում, երբ գալիս է «քարերը հավաքելու ժամանակը», հանկարծ ինքն իր համար հաճախ անակնկալ կերպով պարզում է, որ տարիների ուսումնառությունը զուր է եղել, իսկ վճարած միլիոններն էլ՝ «ընկել ջուրը»:


Գործատուի կողմից պահանջվող մասնագիտական համապատասխան ունակությունների նշաձողը, որպես կանոն, շատ ավելի բարձր է լինում, քան այն գիտելիքների պաշարը, որ մարդը հասցրել է իր ուսումնառության տարիներին կուտակել: Արդյունքում ստացած դիպլոմը վերածվում է անպիտան ու անբովանդակ թղթի կտորի՝ զուրկ որևիցե իմաստային բաղադրիչից: Իսկ այս ամենի հիմքում, ինչպես պնդում են ոլորտի մի շարք գիտակներ, ընկած են մեր երկրում ստեղծված անմխիթար սոցիալական պայմանները, որի հետևանքով երկրի կրթական օջախները վերածվել են ավելի շատ սոցիալական գործառույթ իրականացնող հաստատությունների, քան՝ կրթական:

 

Դպրոցներում ու ԲՈՒՀ-երում դժվար կգտնես մեկ դրույքով աշխատող մանկավարժի. նրանց բացարձակ մեծամասնությունը, ելնելով հանապազօրյա հացի խնդիր լուծելու բնական մղումից, ստիպված է աշխատել միանգամից մի քանի տեղ, ինչը, հասկանալի պատճառներով, իր բացասական ազդեցությունն է թողնում մասնագետների մանկավարժական ունակությունների վրա:


Իհարկե, ասել, թե բացառապես այս գործոնն է, որ բացասաբար է անդրադառնում ուսումնական պրոցեսի վրա, սխալ կլիներ, քանի որ, ասենք, նույն համալսարաններում վաղուց մի առանձին խնդրի է վերածվել ուսումնական ծրագրերի, դասագրքերի հարցը, երբ 21-րդ դարում երիտասարդ ուսանողները ստիպված են լինում ստանալ գիտելիքներ, որոնք այլևս հին են՝ ասենք 20-րդ դարի կեսերի մակարդակի:


Շատ դասախոսներ էլ՝ հիմնականում ավագ սերնդի, պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, նախընտրում են բավարարվել ընդամենը ոչինչ չասող լեկցիաներ ընթերցելով, որոնք վաղուց արդիական չեն. խնդիր կա՝ հայալեզու դասագրքերի, նեղ մասնագիտական գրականությունը հայերեն թարգմանելու ու այն մատչելի դարձնելու ուսանողության համար (ժամանակակից գիտության լեզուն վաղուց դարձել է անգլերենը, ինչը, ցավոք, է՛լ ավելի է բարդացնում ուսումնառության գործընթացը. շատերի համար, հատկապես մատաղ սերնդի, անգլերենը դեռևս անմատչելի է, իսկ ռուսերեն գրականությունն էլ ոչ միշտ է կարողանում լրացնել այն բացը, որ գոյանում է կրթական պրոցեսի ընթացքում):


Դե, իսկ համակարգում արմատացած կոռուպցիայի մասին խոսելն ավելորդ կարելի է համարել, քանի որ ամենամեծ խնդիրը, թերևս, հենց սա է. փողով գնահատական ստանալու ավանդույթները մեզ մոտ այնքան զորեղ են, որ ավելորդ անգամ գլուխ ցավեցնելը, հատկապես հարուստների երեխաների համար, դառնում է անիմաստ զբաղմունք, որի արդյուքում ավելանում են դիպլոմավորված, բայց դատարկ գլխով երիտասարդները՝ ավելորդ լարվածություն ստեղծելով առանց այն էլ փոքրիկ մեր աշխատաշուկայում:


Այս բոլոր խնդիրների կարգավորումն, անշուշտ, գտնվում է ներկայիս ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի պատասխանատվության տիրույթում, որոնք, ինչպես կարելի է հետևություն անել նրա աշխատանքային տեմպից, դեռ երկար ժամանակ լուծում չեն ստանալու. արդյունքում՝ այդպես էլ չենք կարողանալու հասկանալ՝ ինչի համար ենք վճարում…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ