Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը կարծում է, որ կառավարության կողմից Արթիկի հեղեղումների պատճառած վնասները լուծելու համար հատկացված գումարները բավարար են: Քաղաքապետն այս մասին ասաց այսօր կայացած ասուլիսի ընթացքում:

 

«Ես կարծում եմ, որ այդ գումարը բավարար է, որպեսզի նորոգվեն բնակարանները, այլ բան է, որ բնակիչները սպասում էին, որ իրենց նոր բնակարան պետք է հատկացվի»,- ասաց քաղաքապետը:

 

Նրա խոսքով՝ բնակարանները բավականին հին են եղել, փայտե տանիքներով են եղել, իսկ դրանք վերականգնելու համար պետք է ընդամենը սպասել, որպեսզի խոնավությունն անցնի և կոսմետիկ հարդարվեն:

 

Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ այժմ մաքրվում են քաղաքի հեղեղատարարները, փողոցները, ինչի համար հավելյալ գումարներ են հարկավոր:

 

Պատասխանելով քաղաքացիների այն պնդումներին, որ բավականին շատ ամբարված մթերք են ունեցել՝ մի քանի պարկ շաքարավազ, ալյուր, քաղաքապետը դժվարանում է հավատալ. «Եղավ հայտարարություն, որ մի տան մեջ կորցրել են հսկայական քանակի տրցակով ոսկեղեն»,-ասում է քաղաքապետը՝ կասկածի տակ դնելով քաղաքացիների բողոքները: Թեպետ վստահեցնում է, որ ձմռան շեմին արթիկցիներն առանց շաքարավազի ու ալյուրի չեն մնա:

 

Ստորև ԼՈւՐԵՐ.com-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ, թե ինչպիսին էր Արթիկը հեղեղումներից առաջ և հետո.

 

 

Բազալտե քարերը քիչ են երևում, քանի որ ձորի այս հատվածը փակված է՝ վերևից ձորի հունով եկած տուֆի թափոններով:


 

Սելավը լվացել է լանջերի հիմքերը, որի հետևանքով լանջերին լցված տուֆի թափոնները թափվել են ներքև՝ ձորի մեջ և ջրի հետ ընթացել դեպի քաղաք:


 

Այս վայրում, օրինակ, սելավի բերած քարաշերտը կազմում է մոտ 2 մետր: