Այս պահին հեղեղումներ են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում: Քաղաքի Բաղրամյան-Խաչատրյան-Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվում են:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը կարողացավ ընդամենը մի քանի բառ ասել, որ հեղեղատները լցվել են ամբողջ քաղաք, վնասել տներն ու ճանապարհները:
Քաղաքապետն ասաց, որ ինքը շտապ մեկնել է դեպքի վայր` օգնելու իր քաղաքացիներին:
«Ջուրը, ջուրը լցվելա քաղաքս, բավականին շատ վնաս ա տվել»,- ասաց քաղաքապետը` չկարողանալով երկար մեկնաբանել, քանի որ բջջային կապը բավականին թույլ էր, և նրան լսելու մեր փորձերը ապարդյուն էին:
«Եկել եմ տեսնեմ՝ ինչ է կատարվում, գնահատենք իրավիճակը, կխոսենք»,- ասաց քաղաքապետը մեր լրագրողին:
Ստորև ԼՈւՐԵՐ.com-ը բացառիկ տեսանյութ է ներկայացնում՝ ընդամենը րոպեներ առաջ տեղի ունեցած հեղեղումներից:
Նշենք, որ նմանատիպ հեղեղում օրերս տեղի ունեցավ Արթիկում, և քաղաքը բավականին մեծ վնասներ կրեց:
Նելլի Ավետիսյան